2010 թվականից քննվող մահվան գործով հերթական վերաքննիչ բողոքն է ներկայացվել
12:51, June 10, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2016 թ. մայիսի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հերթական անգամ մերժվեց ոչ պատշաճ բժշկական օգնության հետևանքով մահացած Արման Անտոնյանի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի կողմից ներկայացված բողոքը:
Այս բողոքով պահանջվել էր վերականգնել Սուսաննա Անտոնյանի իրավունքների ու ազատությունների խախտումները, վերացնել վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
2016 թ. մայիսի 11-ի որոշմամբ Դատարանը գտել է, թե տուժող կողմի դիրքորոշումն այն մասին, որ իրականացվել է ոչ արդյունավետ քննություն, անհիմն է, և լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն չկա:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից 2016 թ. հունիսի 7-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ գործի քննության ընթացքում չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, որոնց համադրման արդյունքում հնարավոր կլիներ բացահայտել հանցանք կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել վերջիններիս:
Հիշեցնենք, որ Ա. Անտոնյանը 2010թ. հունվարի 17-ից մինչ փետրվարի 27-ը չբերության գանգատով բուժման կուրս է անցել Երևանի «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնում»: 2010թ. մարտ ամվսա վերջերին առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով Ա. Անտոնյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա՝ ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ 2010 թ. ապրիլի 1-ին՝ անգիտակից, կոմային վիճակում տեղափոխվել է Երևան քաղաքի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է «հեպատիտ B» հիվանդությունից:
Դեպքի առթիվ 2010 թ. հունիսի 23-ին հարուցել է քրեական գործ, շուրջ երկու տարի իրականացված քննության արդյունքում քրեական գործի վարույթը կարճվել է:
Տարիներ շարունակ քննվող այս գործով վարույթն իրականացնող մարմնի որոշումները բազմիցս բողոքարկվել են վերադասության և դատական կարգով. դատարանի որոշմամբ հերթական անգամ գործը նախաքննության ուղարկելուց հետո գործով վարույթը կրկին կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: