Ի՞նչ է մտածում հակակոռուպցիոն խորհուրդը Սաշիկ Սարգսյանի 50/50 տրամաբանությամբ գործունեության կանխարգելման մասին. Սաքունց
10:31, June 21, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Կոնկրետ նույն Ս. Սարգսյանի եղբոր 50/50 տրամաբանությամբ գործունեության կանխարգելման ի՞նչ քայլ ենք տեսնում, ի՞նչ է անում այս ուղղությամբ հակակոռուպցիոն կենտրոնը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս հարցն է բարձրացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով հակակոռուպցիոն վերջին նիստին ու հայտարարություններին, թե դրական ազդակներ կան, որ պայքար կա կոռուպցիայի դեմ:
«Կառավարության նիստերի դահլիճում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ընթացքում արված հայտարարությունները, թե կոռուպցիայի դեմ պայքար կա Հայաստանում, որեւէ կապ չունեն իրականության հետ: Նկատի ունեմ կոռուպցիայի այն ծավալները եւ համակարգային բնույթը, որ կա Հայաստանում, եւ այն քայլերը, որ իբր թե կատարվում են կոռուպցիայի դեմ պայքարի առումով, իրար հետ կապ չունեն»:
Ըստ Սաքունցի՝ մանր պաշտոնյաների աշխատանքից հեռացնելը կամ քրեական գործեր հարուցելն իմիտացիոն բնույթի քայլեր են, որովհետեւ իրականում զոհեր են տալիս «մանր ոտներին», իսկ կոռուպցիայի միջնաբերդը մնում է անառիկ ու անսասան:
«Տեսնում ենք առանձին պաշտոնատար անձանց աշխատանքից հեռացնելու մասին որոշումներ, առանձին դեպքերում քրեական գործեր հարուցելու մասին ենք իմանում: Դրանք բոլորն ընդամենը համարում եմ մակերեսային, ոչ բովանդակային քայլեր, որոնց նպատակը ոչ թե կոռուպցիոն համակարգի վերացումն է, այլ համակարգի պաշտպանությունն առանձին քավության նոխազների զոհաբերման միջոցով: Իրական կոռուպցիոն մեխանիզմները գործում են բոլորովին այլ կերպ, եւ կատարված քայլերն ուղղված չեն այդ մեխանիզմների ոչ միայն հայտնաբերմանը, արձանագրմանը, ոչ էլ բացահայտմանը, այլ ընդամենը ժամանակավոր գործողություններ են բուն կոռուպցիոն համակարգը պաշտպանելու նպատակով»:
Ըստ Սաքունցի՝ իրական կոռուպցիան պետք է փնտրել Հայաստանի հանրապետությունը ներկայացնող առաջին դեմքերի, անձամբ Ս. Սարգսյանի հայտարարություններում: Սաքունցը հիշեցնում է Ս. Սարգսյանի երկու ելույթ, մեկը որ անձամբ Ս. Սարգսյանը հայտարարեց Գ. Ծառուկյանի բիզնեսի մասին «օդում առկախված լուրերը», եւ ապա Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին արված հայտարարությունները:
«Ամենամեծ հետապնդումը եւ կոռուպցիան թաքնված է Ս. Սարգսյանի՝ անցած տարի փետրվարին Հանրապետական կուսակցության գերագույն խորհրդում ունեցած ելույթի տողատակերում: Նրա վերջին հայտարարությունից հետո գտան, որ Գ. Ծառուկյանի բիզնեսում ամեն ինչ նորմալ է: Եվ օդում կախված այն մտահոգությունները, որ վերջինս հարկային պարտավորությունները չի կատարում, այդպես էլ մնացին օդում կախված: Այդպես էլ օդում կախված է մնում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ իրական պայքարը եւ այն լուրերը, որ Ս. Սարգսյանի եղբայրը գործում է «50/50 տրամաբանությամբ»:
Կոռուպցիայի դեմ պայքար չկա: Կոռուպցիայի միջնաբերդը մնում է անառիկ, այդ միջնաբերդի պաշտպանից ամենահեռու շերտերից, որոնք անմիջական մարդկանց հետ են շփվում, դրանցից մի մասին ժամանակավոր զոհաբերում են, բայց բուն կոռուպցիոն միջնաբերդը մի քանի շերտերով կշարունակի մնալ անձեռնմխելի, քանի դեռ նման քայլերով ու նման մարդիկ են պայքարում կոռուպցիայի դեմ»,- նշեց Սաքունցը: