Ս. Սարգսյանն ուղղակի որոշել է նպաստել Յ. Խաչատուրովի որդու կարիերայի զարգացմանը
19:08, July 9, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերԻնչպես հայտնի է, Ս. Սարգսյանի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, նշանակվեց երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի հետ կապված մի շարք սկանդալային պատմություններ կան: 2010 թվականին վերջինս մեծ աղմուկով հեռացվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին:
Վերջերս Գյումրի այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե համակարգում իրականացվող պաշտոնանկություններն ու նոր նշանակումները բացառապես միտված են պաշտպանական գերատեսչության առողջացմանը:
Այս հայտարարության ֆոնին Յուրի Խաչատուրովի որդու նշանակմանն անդրադառնալով՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Յուրի Խաչատուրովի՝ որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ լինելու հանգամանքը դա առանձին հարց է, և, իհարկե, այն բոլոր մտահոգությունները և տեղեկատվությունը նրա պահվածքի վերաբերյալ մնում են օրակարգում, քանի դեռ հստակ որևիցե պարզաբանում չի տրվել, բացառությամբ, իհարկե, կարծեմ մի անգամ ինքն է ասել, որ այդպիսի բան չի եղել, բայց որևիցե ողջամիտ, տրամաբանական արձագանք չենք ստացել, այնպես որ, առողջացման մասին ինքնին արդեն իսկ նրա զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում մնալու հանգամանքով կարող ենք բացառել, որ նման առողջացում կա: Իսկ ինչ վերաբերում է նրա որդու՝ Գրիգորի Խաչատուրովին կորպուսի հրամանատարի պաշտոնում նշանակելուն, դա արդեն բոլորովին այլ հարց է, քանի որ նույն այդ անձնավորության մասին բազմիցս են եղել հրապարակումներ, փաստեր, ընդհուպ մինչև քրեական գործի հարուցում՝ նրա կողմից թույլ տրված չարաշահումների մասին, երբ որ նա գտնվել է ծառայության տարբեր վայրերում, վերջինը, ես հիշում եմ, Վայքի զորամասում էր ենթականերից գումարներ հավաքելու դրվագով և ընդհանրապես իր և հայտնի 12 հոգանոց խմբի պահվածքի մասին»,- նշեց Սաքունցը:
Ըստ իրավապաշտպանի՝ սա ոչ թե փոփոխություն է՝ միտված պաշտպանական համակարգի առողջացմանն, այլ ինչ-որ անձանց անձնական կարիերային և առաջխաղացմանը միտված քայլ, որի հեղինակը Սերժ Սարգսյանն է, և Սեյրան Օհանյանն այդ հարցում որևէ դերակատարում չունի. «Կադրային ընտրության հարցում եթե դիտարկում ենք նաև Մովսես Հակոբյանին այնպիսի պաշտոնում նշանակելն, այսինքն բանակի մատակարարման հարցերով զբաղվել, ով մատակարարման հետ կապված հարցերում լուրջ խնդիրներ է ունեցել ԼՂ-ում ՊԲ հրամանատար եղած ժամանակ, ապա, իհարկե, որևէ եզրակացություն, կամ մտահոգություն ունեն, իրապես չկա, չի կարող, ենթադրենք, մի մարդ, որը բացարձակապես չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների շահերը՝ բոլոր քայլերով, թե արտաքին քաղաքականության և թե ներքին բնագավառներում, ինքը մտահոգություն ու պատասխանատվության զգացում չունի քաղաքացիների իրավունքների, շահերի, նրանց խնդիրների լուծման առումով, և բոլոր նշանակումները միայն մեկ տրամաբանության մեջ են, որ ինչպես ապահովել իրենց իշխանությունն, ինչպես այդ իշխանության առանձին ներկայացուցիչների կարիերան, առաջընթացն ապահովեն: Միայն սա չէ, ինչքան պաշտոնյաներ կան կարկառուն, բոլորի տղաները, երեխաները նշանակվում են քաղաքապետեր, այլ բարձր պաշտոնների՝ դատավորներ և այլն, սա նորություն չէ ՀՀ-ում: Սեյրան Օհանյանը կադր էլ չի ընտրում, ամբողջ հարցերը միանձնյա լուծում է Ս. Սարգսյանը, և հենց ինքն է պատասխանատվություն կրում այդ կադրերի նաև ձախողումների համար, որոնք չեն էլ կարող թաքցնել»,- նշեց Ա. Սաքունցը:
Ինչ վերաբերում է ոլորտում քառօրյա պատերազմից հետո իրականացված կադրային կրճատումներին, պաշտոնանկություններին և ձերբակալություններին, ապա Ա. Սաքունցը կարծիք հայտնեց, թե ավելի քան համոզված է, որ քրեական գործեր չեն հարուցվելու և պատասխանատվություն կրող անձինք չեն լինելու.
«Դա ուղղակի տեսարան էր, մարդկանց որոշակի էմոցիաները և օբյեկտիվ դժգոհությունները փարատելու նպատակ էր հետապնդում, և բացարձակապես հակված չեմ ենթադրելու, որ, օրինակի համար, ինչպես ժամանակին եղավ գոմեշի մսի հայտնի պատմության հետ կապված, երբ որ ընդամենը պատասխանատվություն է կրում Կապանի ֆաբրիկայի տնօրենը և ոչ թե անմիջապես ՀՀ ՊՆ բյուջեի միջոցների պատասխանատուն, նմանապես էլ այս դեպքում ոչ մի կասկած չունեմ, որ որևիցե լուրջ քրեական պատասխանատվություն կրելու են, չի լինելու այդպիսի բան, բոլորն էլ կազատվեն, մի երկու հոգի պատասխանատվություն կկրեն, ինչպես Ս. Սարգսյանն է ասում, թղթի վրա ամեն ինչ կհամապատասխանեցնեն իրենց շահերին և ցույց կտան, թե տեսեք, մենք պայքարում ենք, ուզում ենք խնդիրներ լուծել: Բացարձակապես ոչ մի խնդիր լուծելու ոչ ունակություն, ոչ կարողություն, ոչ էլ ցանկություն չունեն, ոչ Ս. Սարգսյանը, ոչ էլ իր պալատը»,- եզրափակեց Ա. Սաքունցը:
Տես նաև՝ azatutyun.am