ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով կայացավ առաջին դատական նիստը
09:45, July 22, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը Անզոր Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից բողոքարկվել է նախ վերադասութայն, ապա դատական կարգով:
2016թ. հուլիսի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստի ընթացքում Ա. Չատինյանի կողմից ներկայացվեց միջնորդություն՝ գործի նյութերը տրամադրելու հարցով՝ դրանց ծանոթանալու և բովանդակային քննարկում կազմակերպելու նպատակով:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով 2016 թ. օգոստոսի 24-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինս կամավոր ներկայացել է ոստիկանություն, որից հետո նրան ձերբակալել են:
Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է, գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, որտեղ էլ ժամեր անց նրան մահացած են գտել: