ՀՀ քաղաքացիների խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված
10:57, August 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ
Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ինչպե՞ս կգնահատեք «Սասնա» ծռեր խմբի կողմից զենքը վայր դնելու ու հանձնվելու որոշումը:
Զենքը վայր դնելիս ու հանձնվելիս հենց իրենք հայտարարեցին, որ, հաշվի առնելով իշխանությունների կողմից ուժային մեթոդների կիրառման հետևանքով հնարավոր արյունահեղությունը, իրենք խուսափում են այդ արյունահեղությունից: Այսինքն՝ ըստ էության նրանք արձանագրեցին, որ ամենևին նպատակ չունեն, որ զոհեր ու մարդկային կորուստներ լինեն, իսկ իշխանությունը մինչև վերջ էլ մնաց ուժային մեթոդներով հարցի հանգուցալուծման դիրքորոշմանը: Եվ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ որևէ ուղերձ այդպես էլ չուղարկվեց հասարակությանը:
Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ, դրանում չկայի՞ն ուղերձներ:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը եկավ ապացուցելու, որ բացարձակապես այդ մարդը չի էլ ընդունել առաջին հերթին իր պատասխանատվությունը Հասաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ՝ իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման, օրենքի առաջ բոլորի հավասար պատասխանատվության, արդարադատության տեսանկյունից: Այն ձևակերպումը, որը տվել էր, թե պետք է խստորեն հետևել Սահմանադրության ու օրենքների կատարմանը, նույնիսկ ինքը չի հասկանում այդ բառերի իմաստը, որովհետև նման ձևակերպումից հետո մարդն առնվազն չպետք է լրագրողներին հորդորեր մոռանալ իրենց նկատմամբ բռնությունները, փոխանակ պահանջելու բռնարարք կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկել և կոչ անելու իրավապահ մարմիններին կատարել օբյեկտիվ քննություն՝ բացահայտելու կատարողներին: Իսկ կատարողների անմիջական պատասխանատուն Լյովա Երանոսյանն ու Աշոտ Կարապետյանն են առնվազն, իսկ նրանց ղեկավարը Վովա Գասպարյանն է: Բայց ըստ էության երեկվա իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ավելի շուտ բռնությունների պատասխանտվությունը վերցրեց իր վրա:
Մյուսը, այդ մարդը բացարձակապես չանդրադարձավ քաղաքացիների նկատմամբ լայնածավալ բռնություններին, որոնք իրենց ծավալով ու կատարման ձևով հենց հանդիսանում էին պետական ահաբեկչության տիպիկ օրինակ, որովհետև բացարձակապես ոչ մի նորմ չէր պահպանվել: Նա նույնիսկ հարկ չհամարեց ուշադրություն դարձնել այն անչափահասի վրա, որն աչք էր կորցրել, հարկ չհամարեց ներողություն խնդրել Սարի թաղի բնակիչներից, ովքեր ենթարկվեցին համատարած ահաբեկչության: Այսինքն՝ արձանագրում ենք, որ «Սասնա ծռերն» իրենց ավելի պատասխանատու պահեցին՝ հնարավոր արյունահեղությունը կանխելու համար, և դրան ի հակառակ իշխանությունը հավատարիմ մնաց ոչ միայն հանրության հետ բռնությամբ խոսելու, այլ նաև բռնությունները կատարողներին հովանավորելու գործելաոճին: Հերթական անգամ անպատժելիության մթնոլորտն ամրագրվեց իշխանությունների կողմից: Այնպես որ, հիմա խոսել արդարադատության իրականացումից, որի մասին բազմիցս բարձրաձայնվում էր, ավելորդ է, քանի որ չպետք է ակնկալել, որ իշխանություններն ի վիճակի են իրավիճակը շտկելու քայլ կատարել: Եվ այնպիսի տպավորություն է, որ իրենք ավելի շատ դասեր են քաղում այն տեսանկյունից, թե էլ ինչպես կատարելագործեն բռնության գործիքները՝ սաստելու ու կանխելու հնարավոր բողոքի ակցիաները և այնպիսի ծայրահեղ ընդվզումները, ինչպիսին “Սասնա ծռեր” խումբը կատարեց: Բայց բացարձակապես ընկալունակ չեն և չեն էլ ցանկանում անդրադառնալ այս ճգնաժամային իրավիճակին հասցրած պատճառների բովանդակությանը՝ հասկանալու սեփական պատասխանատվությունը: Այնպես որ, հիմա մենք պետք է ուշադիր հետևենք, հերթական անգամ կարձանագրենք այն ապօրինությունները, որոնք արդեն իսկ թույլ են տրվում այս պահից ազատազրկվածների նկատմամբ:
Նաև բողոքի ակցիայի առաջնորդների նկատմամբ են համատարած կալանավորման որոշումներ կայացվում, սա ինչպե՞ս եք գնահատում:
Այո, բացի «Սասնա ծռերի» անդամներից նաև քաղաքացիական ընդվզման ղեկավարների նկատմամբ են հետապնդումներ: Նաև քաղաքացիների նկատմամբ կա քրեական հետապնդում: Սրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ ոչ մի ոստիկան՝ որպես կասկածյալ կամ մեղադրյալ, ներգրավված չէ: Եվ, ինչպես միշտ, հիմա էլ ոստիկանները չեն ներգրավվում՝ որպես խախտումներ կատարած, բռնությունների դիմած անձինք: Սա ուղղակի հերթական անգամ ընդգծում է անպատժելիությունը և օրենքի խիստ կիրառումը միայն հակառակորդների նկատմամբ, այդ տրամաբանությունը գործում է: Եվ, ցավոք, սրտի, ճգնաժամը շարունակում է մնալ: Բաժակաճառով խոսել ազգային համաձայնության գաղափարի մասին, բացարձակապես որևէ հիմք չունի, որովհետև այդ ազգային համաձայնությունից դուրս է մնում մի ամբողջ հանրություն: ՀՀ քաղաքացիների խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված: