Ոստիկանության «քավության նոխազները» կարճ ժամանակ անց կրկին աշխատանքի կանցնեն
14:34, August 10, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյն ամենն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում ոստիկանությունում, ոչ թե բարեփոխում, այլ սոսկ կադրային փոփոխություններ են որոնք համակարգում ոչինչ չեն փոխի»,- անդրադառնալով վերջին օրերին ոստիկանությունում տեղի ունեցող պաշտոնանկություններին, Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:Հիշեցնենք. այսօր ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է Աշոտ Կարապետյանը: Վերջինս օրեր առաջ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու, քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը կանխելու ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկելու և մի շարք այ հիմքերով ենթարկվել էր կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Կարապետյանից բացի նկատողություն էին ստացել այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, ոմանք էլ ազատվել ոստիկանությունում իրենց զբաղեցրած պաշտոնից:«Սա քավության նոխազների միջոցով սեփական դիրքերը պահպանելու, հանրության բորբոքված կրքերը հանդարտեցնելու միջոց է: Այսինքն՝ «զոհեր» են տալիս, որպեսզի հանրությունը հանդարտվի, բայց ոստիկանության «քավության նոխազները» կարճ ժամանակ անց կրկին աշխատանքի կանցնեն»,- վստահ է Արթուր Սաքունցը:Վերջինս ընդգծեց. այսօր ոստիկանության համակարգում են անձինք, որոնք մասնակցություն են ունեցել 2008-ի մարտի 1-ի, 2015-ին Էլեկտրի Երևանի դեպքերին: Անպատիժ մնացողները շարունակում են իրենց գործը, կադրային փոփոխություններով համակարգի էությունը չի փոխվի:«Այս կադրային քայլերը, որոնք արդեն երկար տարիներ Վովա Գասպարյանը պարբերաբար կրկնում է, երբեք արդյունք չեն տվել: Վովա Գասպարյանն ինքն իրենից պետք է սկսի: Չէ ՞ որ ինքն էր իր թիկնապահին ուղարկել Սարի թաղ և տեսանյութում պարզ երևում է, որ վերջինս կոչ է ում «գնալ վերև»,- հիշեցրեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի համոզմամբ` այն գործողությունները, որոնք հուլիսի 29-ին և 30-ին իրականացրել է ոստիկանությունը, ոչ մի դեպքում չեն կարող ավարտվել միայն համակարգում ժամանակավոր պաշտոնանկություններով կամ նկատողություններով, այլ պետք է ստանան քրեաիրավական որակում ու մեղավոր անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն:«Ես դա որակում եմ որպես կազմակերպված ահաբեկություն, պատժիչ գործողություններ խաղաղ ցույցի մասնակիցների և Սարի թաղի բնակիչների նկատմամբ: Այս ամենի պատասխանատվության հիմնական հասցեատերը Վովա Գասպարյանն ու Սերժ Սարգսյանն են: Իհարկե, ռանձին դեպքերում կարող են լինել ոստիկաններ, որոնք չեն մասնակցել այս գործողություններին, բայց ինքը՝ օպերացիան, քրեորեն հետապնդելի է»,- ասաց Արթուր Սաքունցը:Հանրությանն իրազեկել քրեորեն հետապնդելի գործողությունների կատարման, դրանց կատարողների, ինչպես նաև զանցանք կատարած անձանց մասին, և նրանցից յուրաքանչյուրին ենթարկել պատասխանատվության`ըստ իր կատարած արարքի» ,- ահա այն ամենն, ինչն, ըստ Արթուր Սաքունցի, պարտավոր են անել իշխանությունները:
Աղբյուրը՝ www.lragir.am