ՀՔԾ-ն և Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումը չեն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում
09:30, September 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինված ուժեր2016 թ. հունիսի 30-ին www.aravot.am էլեկտրոնային լրատվամիջոցը հրապարակել էր «Փրկելով կյանքս` ես հեռացա ՀՀ-ից» վերնագրով հոդված, որում ռազմական ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյան հայտարարություններ է արել ՊՆ-ի չարաշահումների, ինչպես նաև իրեն հետապնդելու մասին: Նշված հոդվածում Երևանի կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը նշված լրատվամիջոցի հետ զրույցում նշել է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների և իր նկատմամբ իրականացված ճնշումների մասին՝ նշելով կոնկրետ դեպքեր:
Հ. Ոփանյանի կողմից ներկայացվել են տեղեկություններ և տվյալներ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության վերաբերյալ տեղեկություններ:
Նույն օրը նույն լրատվամիջոցում հրապարակվել էր «Ոփանյանը $3800 կաշառք է ստացել. ՊՆ-ն հերքում է վերջինիս պնդումներն ու ասում է՝ «անբարոյական է» վերնագրով հոդվածը, որտեղ Հ. Ոփանյանը հայտարարել էր, որ «համակարգից իրեն հանելու համար Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցով ստիպել է սպաներից մեկին իր դեմ ցուցմունք գրել իբրև ինքը կաշառք է վերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել»:
2016թ. հունիսի 28-ին նույն լրատվամիջոցը հրապարակել է նաև «Ուշագրավ բացահայտում՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին»: Սույն հոդվածում Ոփանյանը տեղեկություններ է հայտնել 2012թ. փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած մեքենաների, մարտկոցների և անվադողերի գողության վերաբերյալ:
Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով այն հանգամանքով, որ նշված հրապարակումներում պարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016-ի հուլիսի 13-ին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ Հարություն Ոփանյանի կողմից արված հայտարարությունները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու, քրեական գործ հարուցելու, չարաշահումներ և հանցագործություններ կատարած բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարզելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցով:
Հուլիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչությունը պատասխանել է մեր դիմումին՝ անդրադառնալով դիմումում տեղ գտած հանգամանքներին:
Մասնավորապես՝ վարչությունը տեղեկացրել է, որ «Ուշագրավ բացահայտում՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից Վ. Սարգսյան անվան ռազմական ինստիտուտի տարածքում գործող «Զինառ» ՓԲԸ-ին պատկանող խանութ-թեյարանի գործունեության ընթացքում հայտնաբերված ապրանքաշրջանառության և եկամուտների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելու, հարկեր և այլ պարտադիր վճարներ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2012 թվականի փետրվարի 15-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ամբողջությամբ վճարվել է ստուգմամբ արձանագրված տույժն ու տուգանքը և 2013 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Անդրադառնալով «Փրկելով կյանքս` ես հեռացա ՀՀ-ից» հրապարակման մեջ տեղ գտած Հարություն Ոփանյանի «գլխին գործ սարքելու» դրվագին՝ ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչությունը տեղեկացրել է, որ 2012 թվականի հուլիսի 23-ին Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ առ այն, որ Ոփանյանը զորամասում կատարած դանակահարության փաստը թաքցնելու նպատակով 2011 թվականին դեկտեմբեր ամսին Հ. Ե.-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 3.800 ԱՄՆ դոլար գումար: Օգոստոսի 30-ին որոշում է կայացվել նույն հոդվածով Հ. Ոփանյանին որպես մեղադրյալ ներգավելու և վերջինիս հայտանաբերելու նպատակով հետախուզում հայտարարելու մասին:
Որպես ամփոփում՝ ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչությունը եզրակացրել է, որ հիշյալ հրապարակումները պետական հատուկ ծառայություն իրականացնող կամ այլ անձանց վերնագրվող կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող՝ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին տեղեկություններ չեն բովանդակում:
Օգոստոսի 16-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ևս պատասխանել է մեր դիմումին՝ տեղեկացնելով, որ քննարկման արդյունքում պարզվել է, որ նշված դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են:
Որպես հիմնավորում՝ ՀՀ ՀՔԾ ներկայացրել էր այն, որ բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հետախուզվող Հարություն Ոփանյանի սուբյեկտիվ դատողությունների և ենթադրություններից՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների ենթակա, ինչպես նաև հատուկ սուբյեկտների կատարած կատարած կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկատվություններ չի պարունակում: