Գայանե Առուստամյանի գործով լրացուցիչ ապացույցներ կներկայացվեն
10:22, September 28, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն | Գայանե Առուստամյան, Ոստիկանություն2016 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչի լիազորագրի ժամկետը լրացած լինելու պատճառով:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատարանն ստուգեց կողմերի ինքնությունը և լիազորությունները: Ս. Մելիքյանը դատարանին տրամադրեց նոր լիազորագիր:
Գ. Առուստամյանի ներկայացուցչի կողմից գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելուվերաբերյալ կրկին ներկայացված միջնորդության առնչությամբ Դատարանը որոշ հարցեր ուղղեց Տ. Սիրադեղյանին՝ փորձելով հստակեցնել միջնորդություն ներկայացնելու հիմքը: Ինչին վերջինս պատասխանեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի ընդունումը՝ վիճարկվող ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածը Գ. Առուստամյանի նկատմամբ կիրառված չլինելու և ոչ թե հակասահմանադրականության հարց չբարձրացնելու պատճառաբանությամբ:
Դատարանը, այնուամենայնիվ մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ՝ նշելով, որ Դատարանը ՀՀ Սահմանադրական դատարան կարող է դիմել համապատասխան դիրքորոշման առկայության դեպքում:
Դատարանը ճշտեց, թե արդյոք կողմերը գործով վկաներ ներգրավելու վերաբերյալ միջնորդություններ ունեն,կողմերը նման միջնորդություններ չունեին:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման ընթացքի մասին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանի հարցին ի պատասխան՝ Գայանե Առուստամյանի ներկայացուցիչը նշեց, որ նշված որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և տրամադվել է ժամկետ՝ դրանում առկա թերությունները վերացնելու համար, որից հետո 2016 թ. օգոստոսի 25-ին վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվել է ՀՀ Վճռաբեկ դատարան ու դեռևս պատասխան չի ստացվել:
Դատարանը հարցրեց կողմերի կարծիքը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ուժի մեջ չմտնելու պայմաններում գործի վարույթը կասեցնելու կամ հետաձգելու վերաբերյալ: Տ. Սիրադեղյանն անհրաժեշտ չհամարեց գործի վարույթի կասեցումը, միաժամանակ, նշեց, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների արարքում հանցակազմի բացակայության հիմնավորումը չի կարող բացառել նրանց գործողությունների ոչ իրավաչափությունը:
Դատարանը, լրացուցիչ ապացույց ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշեց հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ: