Հայաստանի հոգեբուժարաններն օգտագործվում են մարդկանց պատժելու համար
10:30, November 9, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի հոգեբուժարաններում գտնվող անձանց 50 տոկոսը պետք է չգտնվի այնտեղ. այդ մարդիկ սոցիալական խնամքի կարիք ունեն։ Այս մասին այսօր «Առողջությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ շատ հաճախ հոգեբուժարաններն օգտագործվում են որպես պատժիչ միջոց քաղաքացիական և քաղաքական գործիչների նկատմամբ։
«Կարող ենք հիշատակել քաղաքացիական ակտիվիստ Երվանդ Կարապետյանի դեպքը, երբ 2012 թվականին ոստիկանները վերջինիս հոգեբուժական հաստատություն էին տեղափոխել Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ իրականացրած բողոքի ցույցից։
Թարմ օրինակ է նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեպքը, երբ նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկեցին միայն նրա համար, որ վերջինս իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննությունը վարող քննիչին 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարցեր էր առաջադրել։
Նման կերպ են վարվել նաև ՄԻԺԻ-ի ղեկավար Արմինե Առաքելյանի հետ, երբ նա Հանրապետության հրապարակի շատրվանի տարածքում իր ակցիան էր իրականացնում, իսկ ոստիկաններն նրան անմիջապես տեղափոխեցին հոգեբուժական հիվանդանոց»,- ասել է Սաքունցը։
Նա ընդգծել է՝ նման դեպքերի բացառումը պետք է լինի հատկապես հոգեբույժների կողմից, քանի որ սա բիծ է քաշում առաջին հերթին նրանց անվան վրա: Սաքունցի կարծիքով՝ հոգեբույժներն իրենք պետք է դիմեն համապատասխան մարմիններին և կառույցներին, երբ ոստիկանությունը քաղաքացիական անձանց նկատմամբ փորձում է իրենց միջոցով պատժիչ գործողություններ իրակաանցնել։
Իրավապաշտպանը նաև անդրադարձել է հոգեբուժարանների փակ ռեժիմով բուժման մեթոդին և ընդգծել, որ այս դեպքում հոգեբուժարանն ավելի շատ վերածվում է ազատազրկման վայրի:
«Մեր գրասենյակի կողմից 2007-2013 թթ. ընթացքում 9 հաստատություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ այդ բոլոր հաստատություններն էլ փակ տիպի են, որն ըստ էության սահմանափակում է մարդու հիմնական ազատություններն ու իրավունքները»,- նշել է Սաքունցը։
Մշտադիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ մարդու իրավունքների խախտումներ է արձանագրվել հոգեբուժական հաստատություն քաղաքացիների ընդունման հիմնավորումների, հատկացվող դեղորայքի և բուժսարքավորումների որակի վերաբերյալ։ Սաքունցի խոսքով՝ հոգեբուժարանում աշխատող սանիտարները և բուժքույրերը չունեն համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, իսկ հոգեբուժական հաստատություններում պահվող մարդկանց համար չի ապահովվում արտաքին աշխարհի հետ կապը և վերջիններս արժանանում են արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունքի՝ հատկապես բժշկական նպատակներով նշանակված զսպման միջոցների կիրառումների ժամանակ։
««Ըստ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի, եթե անձը բուժման համար համաձայնություն չի տալիս, անձի հարկադիր բուժման անհրաժեշտության վերաբերալ եզրակացություն տալիս է հոգեբուժական հանձնաժողովը, որի 3 անդամներից մեկը պետք է լինի այլ հաստատության հոգեբույժ։ Սակայն մշտադիտարկման արդյուքնում պարզ է դառնում, որ այս կետը չի պահպանվում», ֊ ասել է իրավապաշտպանը։
Սաքունցը նշել է, որ 2010-2014 թթ. ՀՀ առաջին ատյանի դատարանների կողմից բավարարվել է անձին հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ 194 դիմում, որոնցից միայն մեկն է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարան։
Նրա խոսքով՝ իրականում ոչ հոժարակամ բուժում ստացող անձանց թիվը շատ ավելի մեծ է․ «Ավելի խոցելի են հատկապես անգործունակ ճանաչված անձինք, որոնց փոխարեն բուժման վերաբերյալ որոշում կայացնում է խնամակալը, ինչի արդյունքում շատ հաճախ մարդկանց հոգեբուժարանում փակելը դառնում է վերջիններիս սեփականությանը տիրելու կամ նրանց պատժելու միջոց»։