Մահացած զինծառայողի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցադրումներ է ներկայացրել. ՀՀ Կառավարությունը դրանց կպատասխանի մինչև 2017 թ. մարտի 20-ը
15:41, December 26, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք | Զինված ուժերԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացված գանգատի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հարցադրումներն է ներկայացրել կողմերին:
Տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (Արդար դատաքննության իրավունք), 2-րդ (Կյանքի իրավունք), 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների հիմքով:
ՄԻԵԿ 6-րդ հոդվածի իմաստով տուժող կողմը մատնանշել է գործը քննած դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված չլինելու հանգամանքը. գործը քննվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում այն դեպքում, որ տվյալ դատարանի վարչատարածքային կազմի մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառված չէ: ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով վկայակոչվել է պետության պոզիտիվ պարտավորությունը՝ Տ. Վարյանի կյանքի և առողջության նկատմամբ, իսկ 13-րդ հոդվածի իմաստով՝ մահվան հանգամանքների շուրջ ոչ արդյունավետ քննություն կատարելը, որը չի հանգեցրել մեղավորների բացհայտմանը և համարժեք պատժի նշանակմանը:
ՄԻԵԿ 3-րդ հոդվածի իմաստով էլ նշվել է զինծառայողի՝ խոշտանգման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանանալու հանգամանքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատը վարույթ է ընդունել ՄԻԵԿ 2-րդ և 13-րդ հոդվածների խախտման հիմքով և հարցադրումներ ներկայացրել ՀՀ Կառավարությանը՝ զինծառայողի կյանքի նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման և Տ. Վարյանի մահվան դեպքի քննության արդյունավետության վերաբերյալ:
ՀՀ Կառավարությունը հարցադրումներին պատասխաններ է տալու մինչև 2017 թ. մարտի 20-ը:
Ավելի քան չորս տարի առաջ տեղի ունեցած մահվան դեպքը իրավապահների կողմից որակվել է որպես ինքնասպանություն, և նույն զորամասի դասակի հրամանատար Հովհաննես Հակոբյանը՝ 4 տարի 6 ամիս, իսկ մահացածի ծառայակիցներ Գևորգ Մանուկյանը և Էրիկ Սարգսյանը 4 ամիս ազատազրկման են դատապարտվել:
Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել բողոքը՝ պատճառաբանելով, որ ստորադաս դատարանների կողմից նյութական և դատավարական իրավունքի խախտումներ թույլ չեն տրվել: