«Զենքը հանած ոստիկաններն են հրահրել». Սարի թաղի ցուցարարների գործով դատը կրկին հետաձգվեց
11:35, December 27, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած գործողությունների արդյունքում բերման ենթարկված Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի եւ Ժորա Ավետիսյանի գործով նիստը կրկին չկայացավ: Այս անգամ էլ պաշտպաններից մեկն էր գրություն ուղարկել դատավորին՝ նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայացնել իր պաշտպանյալի շահերը: Նիստը հետաձգվեց, ինչն առաջացրեց մեղադրյալների՝ նիստին ներկա հարազատների դժգոհությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրաչյա Բոյաջյանը 2016թ. հուլիսի 19-ին Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Հրաչյա Բոյաջյանի պաշտպանը՝ փաստաբան Արայիկ Զալյանը ներկայացրեց դեպքը, որին մասնակից է եղել իր պաշտպանյալը. «ՊՊԾ գնդի գրավմամբ պայմանավորված՝ երեք օր փակվել են Սարի Թաղ տանող ճանապարհները, անջատել են էլեկտրաէներգիան, գազամատակարարումը, թաղամասը սպասարկող տրանսպորտային միջոցները սկսել են չգործել: Մարդը հանդիպել է ոստիկանին, ներկայացրել իր դժգոհությունը, որից հետո, ինչպես տեսանյութում է երեւում, ոստիկանները հանել են իրենց զենքերը եւ այդ կերպ որոշակի գործողություններ հրահրել…Երբ զենքը բարձրացնում են, հրահրում են խաղաղ բնակիչներին, որոնք ասում էին՝ ճանապարհը բացեք, գազը միացրեք…»:
Փաստաբան Արայիկ Զալյանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում, քանի որ ապացույցներ չկան, բացի այդ՝ հաշվի չի առնվել Հրաչյա Բոյաջյանի արարքի պատճառահետեւանքային կապը, եւ թե ինչու սարիթաղցիների կողմից տեղի ունեցավ բողոքի ակցիա: «Գնահատական չի տրվել նաեւ այն հանգամանքին, որ քաղաքացիական հագուստով անձը գալիս է մեքենայով, զենք հանում: Տեսանյութում դա կա, բայց կրկին այդ փաստին իրավական գնահատական չի տրվել»,-ասաց մեր զրուցակիցը:
Հավելենք, նույն մեղադրանքն առաջադրվել է նաեւ Արման Ադամյանին եւ Ժորա Ավետիսյանին: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2017թ. հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին: