Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պատասխան նամակը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին
11:16, February 8, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. փետրվարի 6-ին թվագրված նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցին, որն ուղարկվել էր գլխավոր քարտուղարին դեռևս 2016 թ. դեկտեմբերի 8-ին:
Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվել է 2016 թ. դեկտեմբերի 16-ին և ստորագրվել 2017 թ. հունվարի 14-ին: Օրենքի նախագծի վերաբերյալ Կազմակերպության գնահատականները հրապարակվել են 2016 թ. դեկտեմբերի 5-ին, իսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը օրենքի նախագծի վերաբերյալ իր Եզրակացությունն ընդունել է 2016թ. դեկտեմբերի 9-10-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում Հանձնաժողովի լիագումար նիստում:
ԵԽ գլխավոր քարտուղարը իր նամակում հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովի զեկուցողները և քարտուղարությունը, որոնց նույնպես ուղարկված է եղել Զեկույցը, «շատ օգտակար են համարել» այն:
Միաժամանակ պարոն Թորբյորն Յագլանդը իր նամակում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մի շարք դրույթներ:
Մասնավորապես, ԵԽ գլխավոր քարտուղարը ուշադրության է հրավիրում այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովի իր Եզրակացությամբ համարել է, որ «օրենքի նախագիծը համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին, սակայն ներկայացրել է մի շարք կարևոր հանձնարարականներ, որոնք hարկավոր է հաշվի առնել»:
ԵԽ գլխավոր քարտուղարն իր նամակում կարևորում է Վենետիկի Հանձնաժողովի հետևյալ հանձնարարականը. «ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի թափանցիկ մրցակցային ընտրությունը, ինչի շրջանակներում հարկավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների առաջարկությունները՝ բարձր որակավորում ունեցող թեկնածուի ընտրության հնարավորություն ստեղծելու և գործընթացի օրինականությունն ապահովելու համար»:
Պարոն Թորբյորն Յագլանդն իր նամակում ուշադրություն է հրավիրում հաջորդ հանձնարարականի վրա. «օրինագծում ներառել հստակ սահմանված դրույթներ Պաշտպանի, Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի և Կանխարգելման ազգային մեխանիզմի գծով փորձագետների՝ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ասված կամ գրված խոսքերի, առաջարկությունների, որոշումների և բարեխղճորեն գործած այլ արարքների նկատմամբ պաշտոնեական անձեռնմխելիության վերաբերյալ»:
Ի վերջո, ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է Հանձնաժողովի մյուս հանձնարարականի կատարումը. «որ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հնարավորություն ունենա ազատ մուտք գործել բոլոր մասնավոր և պետական հաստատություններ, որտեղ մարդկանց պահում են իրենց կամքին հակառակ, այդ թվում՝ «կիսափակ» հաստատություններ, և երաշխավորի այդ աշխատանքներում ՀԿ-ների ինստիտուցիոնալ մասնակցությունը»:
Այսպիսով՝ ԵԽ գլխավոր քարտուղարը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հասցեագրված նամակում կարևորում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով հետևյալ խնդիրների լուծումը.
– մարդու իրավունքների պաշտպանի ընտրության «թափանցիկ մրցակցային» պահանջը,
– մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական անձեռնմխելիության ապահովումը և
-Կանխարգելման ազգային մեխանիզմում հասրակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ մասնակցության ապահովումը:
Կից՝ նամակի տեքստը՝ հայերեն և անգլերեն
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը անգլերեն լեզվով՝ http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2016)033-e :