Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացված հայցի քննության շրջանակներում նոր ապացույցներ կներկայացվեն
11:16, February 13, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի հայցի քննությունը, որով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ իր 2016 թ. հունիսի 2-ի դիմումի հիման վրա վարչական վարույթ չհարուցելու, չիրականացնելու և վարչական ակտ չկայացնելու գործողությունները:
Արմինե Թանգիյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը պարտավորեցրեց կողմերին դատարան ներկայացնել գործի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես, հայցվոր կողմին պարտավորեցրեց, ի թիվս այլ փաստերի, դատարան ներկայացնել հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկից բացակայող էլեկտրոնային կրիչը, իսկ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ դիմումի հիման վրա իրականացված վարույթի նյութերը: Միաժամանակ դատարանը որոշեց որպես երրորդ անձ ճանաչել «Գարհար» ՍՊԸ-ին, որի կողմից շահագործվում է «Սպորտ Փաբը»: