Լևոն Երանոսյանը պարգևատրվեց այն դեպքում, երբ կա հարուցված քրեական գործ
10:17, February 14, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում չկա մի բնագավառ, որն իշխանությունն ուզուրպացրած չլինի, և տարբեր ոլորտներում առկա բևեռացումը նաև անդրադարձել է արդարադատության վրա: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին շրջանի իրադարձություններին, երբ կոռուպցիոն սկանդալում հայտնված պաշտոնյաներն արդարացվում են, իսկ հանրության նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները՝ պարգևատրվում:
Սաքունցը զուգահեռներ է անցկացնում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալին ընթացք չտալու գործի ու «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանին նորից կալանավորելու դեպքի միջև:
«Հայաստանում ունենք հետևյալ իրավիճակը՝ գոյություն ունի ծայրաստիճան բևեռացում: Կան շատ մեծ հարստություն ունեցող փոքրաթիվ մարդիկ և աղքատ ու յոլա գնացող քաղաքացիներ: Այսինքն՝ սոցիալական բևեռացվածությունը ծայրաստիճան մեծ է: Բևառացումը քաղաքական դաշտում մեծ է, տնտեսական դաշտում մեծ է, և դա արտահայտվում է նաև արդարադատության մեջ, որը որակվում է որպես ընտրողական արդարադատություն: Բայց խնդիրը ոչ միայն այդ ընտրողական արդարադատության մեջ է, այլ ակնհայտ հովանավորչություն է կատարվում պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր կատարել են հանցագործություններ”,- ասում է իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ առավել քան հիմքեր կային ԴԱՀԿ նախկին պետի նկատմամբ ոչ միայն քրեական հետապնդում իրականացնելու, այլ նաև նրան կոռուպցիայի գործով քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Բայց այսօր բացարձակ որևէ ջանք չի գործադրվում պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
«Խոսքը նույն Լիսկայի, Միհրան Պողոսյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և այլոց մասին է: Նաև ակնհայտ հովանավորչություն ենք տեսնում քաղաքացիներին բռնության ենթարկող բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ: Լևոն Երանոսյանը պարգևատրվեց, այն պարագայում, երբ կա հարուցված քրեական գործ հուլիսյան դեպքերով քաղաքացիների նկատմամբ բռնության փաստով: Կան տեսանյութեր, ապացույցներ, որ Լյովա Երանոսյանը բռնություն կիրառելու հրահանգ է տալիս: Ոստիկանության պետին ոստիկանության ամենաբարձր կոչումն է շնորհվում: Եվ այս պարագայում հաց բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ ակնհայտ շինծու, առանց որևէ հիմքի կալանավորման որոշում է կայացվում: Իսկ դատարանները գլուխները կախ կատարում են նման հարհանգները: Սա մի կողմից ակնհայտ հովանավորչություն է պաշտոնատար անձանց նկատմամբ՝ անգամ նրանց կողմից հանցագործությունների կատարման դեպքում: Ավելին, խրախուսվում է նրանց կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների կատարումը: Մյուս կողմից էլ քաղաքացիների ինքնապաշտպանության դեմ են ուժ կիրառում, մարդկանց նկատմամբ անհիմն հետապնդում են իրականացնում», նկատում է Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ստացվում է հետևյալը՝ այսօր հանրային ռեսուրսները, իշխանական ռեսուրսները, արդարադատությունը զավթվել են: Իսկ այս պայմաններում մարդկանց թողել են անպաշտպան և իրենց խնդիրների հետ մեն մենակ: