«Տականքնե՜ր…». դատարանում դիտված տեսանյութում ոստիկանների վրա թքած կինը ճչում էր ցավից
10:47, February 15, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ոստիկանություն, ՔաղբանտարկյալներՀՀ Վարչական դատարանում կայացավ 2016 թ. հունիսի 22-ին՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը:
Նշյալ հայցով Ոստիկանությունը պահանջում է Սուսաննա Սիմոնյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով, որով վարչական իրավախախտում է համարվում ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը:
Սուսաննա Սիմոնյանի շահերը ներկայացնող իրավապաշտպան Տաթևիկ Սիրադեղյանն էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ոստիկանության գործողությունները:
Նիստի ընթացքում կողմերը զննեցին գործին կցված տեսանյութերը: Հավաքի որոշ դրվագներ նկարահանել էին ոստիկանները, մյուս տեսանյութերն էլ վերցվել են լրատվամիջոցների հրապարակումներից: Ոստիկանության ներկայացրած տեսանյութում լսվում էր, թե ինչպես է Սուսաննա Սիմոնյանը բղավում, ճչում, ասում՝ «տականքնե՜ր…»:
Լրատվամիջոցների տեսանյութերում էլ, Տաթեւիկ Սիրադեղյանի փաստմամբ, կրկին երեւում է, թե ինչպես է Սիմոնյանը ճչում ցավից. «Նրան ֆիզիկական ուժի գործադրմամբ տեղափոխում են ոստիկանական ավտոմեքենա»:
Դիտումից հետո պաշտպանը նաեւ նկատեց, որ Ոստիկանության ներկայացրած տեսանյութում չկա փաստարկ, որ ոստիկանը տեղանկարահանելուց առաջ այդ մասին նախազգուշացրել է Սիմոնյանին. «Երեւում է, որ Սուսաննա Սիմոնյանը գտնվում է ցավի ազդեցության տակ, գոռում, փորձում պաշտպանական գործողություններ ձեռնարկել: Թքելու գործողությունը նույնպես եղել է ֆիզիկական ցավի ազդեցության տակ»:
Հիշեցնենք, որ դեպքի ժամանակ Սուսաննա Սիմոնյանը թքել էր ոստիկանների ուղղությամբ:
Ոստիկանության ներկայացուցիչ Ռուբեն Եպիսկոպոսյան էլ առարկեց՝ ասելով. տեսանյութում լսվում է, որ ոստիկանը տեղեկացնում է նկարահանման մասին:
Հավելենք, որ այս գործով որպես վկա են անցնում երեք ոստիկաններ եւ մեկ քաղաքացիական ակտիվիստ:
Որպես վկա հարցաքննվեց քաղաքացիական ակտիվիստ Անուշ Կարապետյանը, որին հավաքի վայրից բերման էին ենթարկել Սուսաննա Սիմոնյանի հետ միասին:
Կինը Սուսաննա Սիմոնյանին ներկայացրեց որպես իր «պայքարակից ընկեր»: Պատմեց, որ խաղաղ հավաքի միջոցով Սեֆիլյանին զորակցելու համար հավաքվել էին դատարանի մոտ: Անուշ Կարապետյանը հիշեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել. «Հանգիստ կանգնած էինք, հանկարծ երկու «զդառովի»՝ սպիտակ համազգեստով աշխատակիցներ մոտեցան, ձեռքերս բռնեցին՝ տանում էին…Մեքենա եկավ, «կարմիր գլխարկովները» եկան, ուզում էին բռնել, ասեցի, որ վերքեր ունեմ վիրահատությունից հետո եւ կարող եմ ինքս բարձրանալ մեքենա: Ոչ սեռ հաշվի առան, ոչ տարիք ու համարյա շպրտեցին ինձ մեքենայի մեջ»:
Վկան պնդեց, որ ոստիկանները հայհոյել են իրենց. «Նրանցից մեկն ինչ-որ բան ասեց, Սուսաննան ասեց՝ «մամադ ա»: Մեքենայից իջնեցնելուց էլ ոստիկաններից մեկը ուզեց խփի՝ ոտքը պարզեց ու հայհոյեց, բայց մյուսները բռնեցին ու ասին՝ «արա՜-արա՜, ի՞նչ ես անում»: Լացեցի այդ վիրավորանքից, չէի պատկերացնում նման վերաբերմունք մեր նկատմամբ»:
Ըստ վկայի՝ առաջին դեպքը չէ, երբ հավաքների ժամանակ ոստիկանները հայհոյում են ցուցարարներին: «Ոստիկաններն իրենց վատ են պահում, այդ բառերը սովորական են իրենց դեպքում»,-ասաց կինն ու հուզմունքից հեկեկաց:
Տես՝ aravot.am