“Վելես” իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի դատական գործին առնչվող իրավախախտումների մասին Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ՀԿ-ների ցանցի հայտարարությունը
14:44, February 20, 2017 | Համատեղ, ՀայտարարություններՓետրվարի 17-ի առավոտյան ժամը 9:23-ին «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը հեռախոսազանգով տեղեկացվել է, որ իր նկատմամբ հարուցված քրգործի դատական երկրորդ նիստը տեղի է ունենալու նույն օրը ժամը 10:00-ին:
Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված Մարինա Պողոսյանը և իր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, սակայն, նախապես պատշաճ չէին ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին։ Սպասվող դատական նիստի մասին տեղեկատվությունը տարածված չի եղել նաև ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ներդրված «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Հյուման Ռայթս Հաուս Երևանը անընդունելի է համարում այժմ վարույթն ընդունած Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսպիսի անպատասխանատու գործելաոճը։
Մենք հայտնում ենք մեր մտահոգությունը, որ այսպիսի մոտեցումը սովորական ձեռագիր է ՀՀ դատական համակարգում և լրացուցիչ ճնշում է հանդիսանում ամբաստանյալների նկատմամբ։ Դա բազմիցս նաև որպես հիմք է ծառայեցվել չծանուցված ամբաստանյալի խափանման միջոցը կալանքով փոխելու դատարանների կամայական որոշումների համար։
Հաշվի առնելով, որ Մարինա Պողոսյանի գործով փետրվարի 17-ի առավոտյան նիստի մասին ծանուցումը նրան ուղարկվել էր հենց այդ օրը և հասել միայն հաջորդ օրը, իսկ նախորդ դատական նիստի մասին ծանուցագիրն ուղարկվել էր անգամ կայացած նիստից 1 օր անց՝ ՀՌՀ Երևանը սա գնահատում է իբրև իրավապաշտպանի հանդեպ դիտավորյալ ճնշման գործողություն։
Մարինա Պողոսյանի չծանուցված դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 6, ժամը 15:00-ը։ Նիստը տեղի է ունենալու Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ (ընդդատության հիմքով տեղափոխվելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից)։
Հյուման Ռայթս Հաուս Երևանը շարունակելու է հետևել Մարինա Պողոսյանի հանդեպ ընթացող դատական գործընթացին և արձագանքելու է իրականացվող բոլոր տիպի իրավախախտումներին։
Փետրվարի 20, 2017թ.