«Արձանագրում ենք՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է». ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան
19:04, February 21, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2013-2016 թվականների ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քաղաքացի-ոստիկան իրավահարաբերությունների շրջանակում հանցագործության մասին 40 հաղորդում է ներկայացրել, ու դրանցից որեւէ մեկ դեպք չի գրանցվել, երբ ոստիկանը քրեական պատասխանատվության ենթարկվի:
Այս մասին այսօր հրապարակվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին» թեմայով քննարկման ժամանակ:
Գրասենյակի իրավաբան Անի Չատինյանի խոսքով. «Հաշվի առնելով այդ հաղորդումների հիման վրա քրեական գործերի քննության ընթացքը՝ արձանագրում ենք՝ Հայաստանում ոստիկան-քաղաքացի իրավահարաբերություններում, ոստիկանների գործողություններին իրավական գնահատական չի տրվում, այսինքն, դրա հիմնական պատճառներից մեկը՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտն է:
Ոստիկանները գիտեն, որ իրենք կարող են հանգիստ խոշտանգել, անձին ազատությունից զրկել, զուգահեռ խախտել անձանց ազատ տեղաշարժի, արտահայտվելու եւ այլ իրավունքները, որովհետեւ հետագայում դրա համար իրենք որեւէ պատասխանատվության չեն ենթարկվելու, չեն ենթարկվել, չեն էլ ենթարկվում: Մեր արձանագրած քառասուն դեպքերից որեւէ մեկով որեւէ ոստիկանի նկատմամբ քրեական պատասխանատվություն չի կիրառվել»:
Ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտումները, ըստ Անի Չատինյանի, հետեւանք են ոստիկանների կողմից Ոստիկանության մասին օրենքի չիմացության, ոստիկանության ղեկավար ծառայողների կողից անառարկելի հրամանների առկայության եւ ՀՀ-ում անպատժելիության մթնոլորտի առկայության. «Այս երեք պատճառները, մեծաթիվ խախտումներին բերող պատճառներն են»: