Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքական հետապնդում իրականացնողների շահերը. Արթուր Սաքունց
16:10, March 1, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե ինքն իրավական հիմքեր չունի պնդելու, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան, որը նաև Եվրոպական օմբուդսմենների ասոցիացիայի անդամ է, Արման Թաթոյանը առավել քան պետք է տեղյակ լինի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1200 բանաձևին, որը սահմանում է քաղաքական հետապնդումը հիմնավորող չափորոշիչները: Եվ պետք է ենթադրել, որ կամ ինքը տեղյակ չէ այդ բանաձևից, կամ այդ բանաձևով սահմանված չափորոշիչները կիրառել է այն քրեական հետապնդման ենթարկվողների նկատմամբ, որոնց մենք համարում ենք քաղբանտարկյալներ, բայց չի նկատել այդ հարուցված քրեական գործերի ակնհայտ քաղաքական ենթատեքստն ու նպատակը, կամ էլ ընդհանրապես առանց որևէ վերլուծության, առանց կիրառելու այդ չափորոշիչները, պաշտպանը ներկայացնում է տեսակետ, որն ամբողջովին համընկնում է իշխանության տեսակետին, որը հենց իրականացնում է քաղաքական հետապնդումները»,- ասաց Արթուր Սաքունցը:
Այսինքն, նրա խոսքով, Մարդու իրավունքների պաշտպանն ակնհայտ հեռանում է և թողնում իր դիրքերը, այն մոտեցումներից է հրաժարվում, որում, որպես Մարդու իրավունքների պաշտպան, պետք է գտնվեր: Մյուս կողմից էլ, ըստ Սաքունցի, շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե օմբուդսմենն ընդհանրապես կարո՞ղ է բերել օրինակ, որ որևէ երկրում օրենսդրությամբ սահմանված լինի քաղաքական բանտարկյալ հասկացությունը, կամ օրենսդրական կարգավիճակ սահմանվի, թե որ անձը կարող է համարվել քաղբանտարկյալ, կամ օրենքով լինեն այնպիսի նորմեր, որոնք կարող են կիրառվել քաղաքական հետապնդումների դեպքում:
«Մի հարցի առնվազն օմբուդսմենը պետք է կարողանա պատասխանել՝ ՀՀ Սահմանադրությամբ մեր երկիրը պետք է ապաստան տա մեկ այլ երկրի քաղաքացուն, երբ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում: Այսինքն՝ գոյություն ունի քաղաքական ապաստան խնդրողի կարգավիճակը: Եվ շատ հետաքրքիր է, թե մարդու իրավունքների պաշտպանն այդ դեպքում ինչպե՞ս կգործի: Եթե որևէ երկրի քաղաքացի հետապնդվում է քաղաքական հայացքների համար և ապաստան է խնդրում Հայաստանում, պաշտպանն ինչպե՞ս է որակելու կամ գնահատելու՝ այդ անձը քաղաքական հետապնդման ենթարկվում է, թե՞ ոչ, եթե մեր երկրում բացակայում է քաղաքական բանտարկյալ հասկացությունը կամ հետապնդման զոհ հասկացությունը:
Այսինքն՝ բոլոր նշված հանգամանքները հաշվի առնելով՝ գալիս ենք այն համոզման, որ ցավոք սրտի, մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս քաղաքական հետապնդում իրականացնողների շահերի պաշտպանության դիրքում, որը խորապես մտահոգիչ է, հիասթափեցնող: Նա պետք է վերանայի իր դիրքորոշումը և վերջնական պատասխաններ տա իմ կողմից բարձրացված հարցերին»,- ասաց իրավապաշտպանը: