Արտակ Սարգսյանի կյանքը պետք է դժոխքի վերածել՝ բոյկոտելով «ՍԱՍ»-ը և պահանջելով զրկել մանդատից
April 14, 2017«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-Երեկվանից ակտիվորեն քննարկվում է «ՍԱՍ» ընկերությունում տեղի ունեցած նախընտրական համաժողովի ձայնագրությունը. անհայտ անձը ցուցակագրում, նախատում է աշխատակիցներին, որ համապատասխան ձայներ չեն հավաքել Արտակ Սարգսյանի համար: Հետաքրքիր է՝ այս ձայնագրությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, և առհասարակ ընդհանուր մթնորոտն ինչի՞ մասին է խոսում:
-«ՍԱՍ» գրուպի նախընտրական, կազմակերպչական բնույթի այս ժողովի կամ հանդիպման վերաբերյալ երեկ հրապարակված ձայնագրությունը շատ ուշագրավ փաստեր բացահայտեց, այն իր էությամբ նման է նախակրթական և կրթական հատատությունների տնօրենների ձայնագրություններին: Բայց սա շատ ունիկալ է. գործիքների ամբողջ փունջը, որ օգտագործվում է ընտրությունների ժամանակ, ըստ էության, ներկայացվում է: Առաջինը՝ գործատուն աշխատողներին պարտադրում է, որ ոչ միայն իրենք քվեարկեն, այլ նաև իրենց հարևաններին, հարազատներին ընկերներին բերեն: Այսինքն՝ ակնհայտ է աշխատողի ստրկական կախվածությունը գործատուից: Երկրորդը՝ բիզնեսի սեփականատերը հանդես է գալիս քաղաքական գործչի դերում, այսինքն՝ բիզնեսի և քաղաքականության սերտաճվածությունը նույնպես ակնհատ արձանագրվեց այս ձայնագրությամբ: Մյուսը՝ սպառնալիքների տեխնոլոգիան է. եթե չանես սա, աշխատանքից կզրկվես. սա աշխատանքային իրավունքների ծայրաստիճան անպաշտպանության վիճակի մասին է վկայում, և ի վերջո անպատժելիության մասին: Մեկ – երկու հոգի չեն, մի ամբողջ կոլեկտիվ է, ծափահարությունները հիշեցնում են Կոմկուսի համագումարների ծափահարությունները: Սա իր բնույթով ուղղակի ցինիկ և անպատժելի վարքագծի արտահայտություն է, որն ուղղված է ընտրողի, քաղաքացու ազատ կամքի դեմ: Այս ձայնագրությունը գալիս է հավաստելու, որ ընտրողն ազատ չի եղել, ավելին, ընտրողին վախեցնելու, ծաղրելու, սպառնալիքների միջոցով պարտադրել են որոշակի գործողություն կատարել…
Արտակ Սարգսյանի կյանքը պետք է դժոխքի վերածել՝ բոյկոտելով «ՍԱՍ»-ը և պահանջելով զրկել մանդատից:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: