Հացադուլավոր Հրաչյա Բոյաջյանը տեղափոխվել է ՔԿՀ բուժմաս
20:20, April 14, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սասնա Ծռեր, Քրեակատարողական հիմնարկներԱյսօր Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող իր պաշտպանյալին: Վերջինս արդեն տասը օր գտնվում է հացադուլի մեջ և պահվում Նուբարաշեն ՔԿՀ առաջին հարկում, որում տեղակայված խցերի վատ պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Պաշտպանի փոխանցմամբ՝ այսօր Հրաչյա Բոյաջյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմաս: Վերջինս պնդում է, որ շարունակելու է հացադուլը և տեսակցություն է պահանջում Դատախազության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք՝ Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելը) իրեն առաջադրված մեղադրանքը: