Սաքունց. «Պաշտպանական գերատեսչությունը և պետությունը մեզնից թաքցնում են զոհերի իրական թիվը»
16:12, April 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Մենք մեր այսօրվա տեղեկանքով արձանագրում ենք, որ իշխանությունը շարունակում է կրել պատասխանատվություն, ամեն ինչ պատերազմական գործողությունների վրա գրանցելով չի կարելի ավարտել»,- ապրիլի 25-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ մեկ տարվա ընթացքում չի եղել մեկ հանրային լսում կամ քննարկում, որտեղ քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչները, զոհվածների հարազատները հնարավորություն կունենային մասնակցել, հարցեր տալ: Սաքունցի խոսքերով՝ դա ունի մի նպատակ՝ պարզելու արդյոք պատասխանատու պաշտոնատար անձինք պատասխանատվություն կրել են, թե ոչ. «Երբ որ մեր առաջին զեկույցը մեծ արձագանք ստացավ, որ դա անգրագիտություն է, չի կարող տանկերի բաքերում ջուր լցված լինի, դա տեխնիկապես հնարավոր չէ, պաշտպանական գերատեսչությունը ձվի մեջ մազ փնտրելու տարբերակով էր մոտենում, որ իբր թե տեխնիկապես հնարավոր չէ: Բայց խնդիրը վառելիքի որակի հետ էր կապված: Այդ հարցը այսպիսով փորձեցին անուշադրության մատնել, բայց Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում օրակարգ վերադարձրեց վարչապետը: Հայաստանի Հանրապետության վարչապետը արձանագրեց, որ պատերազմի ժամանակ դիզելային վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ»:
Արթուր Սաքունցը հավելեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում մահվան հանգամանքների ուղղությամբ այդպես էլ քննություններ չեն իրականացվել. «Մենք անցած տարի հրապարակեցինք 2016 թվականի ընթացքում զինված ուժերում մահացությունների թիվը՝ 168: Ես ձեզ վստահեցնում եմ՝ այդ թիվը ամբողջը չէ: Ունենք հիմնավոր կասկածներ, որը ուսումնասիրությունից հետո կհրապարակենք, որ պաշտպանական գերատեսչությունը և պետությունը մեզնից թաքցրել են և թաքցնում են զոհերի իրական թիվը»:
Տես նաև՝ politik.am