Սաքունց. Իշխանությունները պատժում են իրենց հետ չկիսվողներին
16:45, June 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԿաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են երեք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը և դատախազ Սևակ Շհոյանը։
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, դատախազ Շհոյանը Վարդենիս քաղաքում դեռևս 3 տարի առաջ տեղի ունեցած խուլիգանության, դանակահարության գործով մեղադրյալ Գ.Գ-ի ծնողներից 4,000 դոլար կաշառք է վերցրել՝ խոստանալով մեղադրյալի օգտին գործել։ Բայց դատախազը չի կատարել խոստումը՝ երիտասարդին կալանավորել են, գործն էլ ուղարկել դատարան։ Մեղադրյալի ծնողները սրանով չեն սահմանափակվել՝ դատարանում էլ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Պետրոսյանին վերջինիս վարորդի միջոցով 23,000 դոլար են տվել՝ որդուն մեղմ պատիժ նշանակելու, ինչպես նաև նույն այս գործով մեկ այլ մեղադրյալի՝ իրենց դստեր ամուսնուն՝ Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու համար։ Դատարանի նախագահը գործը քննել է, պայմանավորվածության համաձայն որոշում կայացրել, որը, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է և հետ ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Մեկ այլ գործով էլ, ըստ Գլխավոր դատախազության, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Պետրոսյանը և դատավոր Վարդանյանը ստացել են ավելի քան 1 միլիոն դրամ՝ ապօրինի դատական ակտ կայացնելու համար։
«Թիրախային պատիժներ»
Անցած մեկ տարվա ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով արդեն չորրորդ դատավորն է ձերբակալվում։ Չնայած իրավապահների` հատկապես վերջին շրջանի այս բացահայտումներին, իրավապաշտպան Արթուր Սաքունցը դրանք ձևական է համարում։
«Սա կոչվում է թիրախային պատիժներ առանձին մարդկանց զոհաբերելու միջոցով, որպեսզի կոռուպցիոն համակարգը դառնա ավելի կառավարելի», – «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը: – «Գուցե կարող ենք ենթադրել, որ սա խոսում է այն մասին, որ կառավարման համակարգում կան այնպիսի խնդիրներ, որ կառավարելիությունը, նույնիսկ կոռուպցիայի տեսակետից, ունի որոշակի խնդիրներ», – մեկնաբանեց Սաքունցը:
Իրավապաշտպանի կարծիքով, դրանով իշխանությունները երկու հիմնական հարց են լուծում՝ փորձում են հանրությանը ցույց տալ, որ աշխատում են, մյուս կողմից էլ՝ պատժում են իրենց հետ չկիսվողներին։
Սաքունցը պնդում է՝ որպեսզի իշխանությունները հավատացնեն հանրությանը, որ կոռուպցիայի դեմ պայքարելու կամք ունեն, ապա պետք է արդեն պատժած լինեին խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանողներին: Իրավապաշտպանը հիշեցնում է նաև իշխող Հանրապետականի ներկայացուցիչներ, ՍԱՍ Գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանի և Պանամայի օֆշորային փաստաթղթերում հիշատակված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունները։
«Միհրան Պողոսյանը, որը պանամյան թղթերում գնում է որպես կոռուպցիոն հանցագորոծության մեջ թաղված մարդ` նրան Սերժ Սարգսյանը առաջադրում է որպես Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու: Սա կոռուպցիայի ուղղակի հովանավորման դրսևորումներ են», – կարծիք հայտնեց իրավապաշտպանը: