«Սա կոռուպցիայի դեմ պայքարի հերթական իմիտացիան է». Արթուր Սաքունցը չի հավատում, թե ինչ-որ բան կփոխվի
10:24, July 5, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԿոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի դեպքում որևէ արդյունքի մասին խոսելն ավելորդ է, քանի որ կոռուպցիայի դեմ պայքար չի տարվում, կոռուպցիոն մեխանիզմները շարունակում են երկրում գործել. «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Պարզապես կոռուպցիոն եկամուտներն են նվազել, քանի որ բյուջետային հոսքերն են կրճատվել: Եվ այն իրավիճակի, որում մենք գտնվում ենք, էությունն այն է, որ տեղի է ունենում ապարատի կրճատում, նախատեսվում է դպրոցների օպտիմալացում, վարչատարածքային նոր ապարատի ներդրում: Այսինքն՝ քանի որ եկամուտները քչացել են, բնականաբար, ծախսելու հնարավորություններն էլ են կրճատվել»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նշենք, որ վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները ակտիվացրել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով: Կոռուպցիայի դեմ պայքարի խստացման մասին նոր ձևավորված կառավարության նիստում հայտարարեց նաև Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը:
«Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ, և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն հատկապես ուշագրավ են Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ընտրական գործընթացի վերաբերյալ հնչեցրած քննադատության ֆոնին: Հայտնի է, որ Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է տրամադրում Հայաստանին՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Արթուր Սաքունցը նշում է, որ իշխանության հայտարարություններն ուղղված են ոչ թե ֆինանսավորողներին, այլ ավելի շատ` ստորին օղակի պաշտոնյաներին:
«Քանի որ կառավարման համակարգը հիմնված է կոռուպցիոն մեխանիզմի վրա, ռեսուրսների սահմանափակության պարագայում այն ռեսուրսները, որոնք չեն բավարարում գողերին, հետևաբար, ավելի ստորին օղակներին, կատարողներին, որոնք ներգրավված էին կոռուպցիոն սխեմաներում: Նրանց մի մասին կրճատում են, մյուս մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցում՝ ցուցանիշներ ցույց տալու նպատակով: Այսինքն՝ սա կոռուպցիայի դեմ պայքարի հերթական իմիտացիան է»,- ասում է իրավապաշտպանը:
Նա նշում է, որ չի կարծում, թե իշխանություններին կհաջողվի կոռուպցիայի դեմ պայքարը ֆինանսավորող միջազգային կառույցներին համոզել, որ իրական պայքար է մղվում կոռուպցիայի դեմ: Նրա խոսքով՝ միջազգային կառույցները շատ լավ տիրապետում են իրավիճակին և շատ լավ գիտեն, թե ովքեր են կոռուպցիայի կրողները՝ հանձինս Սերժ Սարգսյանի ու իր մերձավորների:
Ստեղծված իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ նրա, չեն հրաժարվելու կոռուպցիայից:
«Նրանք իրենց կոռուպցիոն ախորժակը հաստատ չեն սահմանափակելու, չնայած դրա մասին մի քանի անգամ ուղերձներ եղել են: Սրա հիմնական ուղերձն այն է, որ որոշողները, ովքեր կոռուպցիոն համակարգում ընդգրկված են, բայց արդեն չեն տեղավորվում ռեսուրսների ու հնարավորությունների սահմանափակ տիրույթում, պետք է իրենց ախորժակները սահմանափակեն և պատրաստվեն մեկ այլ ռեժիմով ապրելուն ու գոյատևելուն»,- ասում է նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ դա, բնականաբար, ընտրողական մոտեցում է կոռուպցիոն համակարգի ներսում ընդգրկվածների նկատմամբ և չպետք է դիտարկել որպես կոռուպցիայի դեմ պայքարի կամքի արտահայտություն, որովհետև միաժամանակ նույն Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակում ընդգրկեց Միհրան Պողոսյանին, ով արդեն պատգամավոր է, և ում անունը փաստացի արձանագրված է Պանամական փաստաթղթերում: Միհրան Պողոսյանը հայտարարել է, թե ողջունում է կոռուպցիայի դեմ պայքարը: Արթուր Սաքունցը նկատում է, որ այդ հայտարարությամբ Միհրան Պողոսյանը գալիս է հիմնավորելու այն կասկածները, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով ստեղծվելիք հանձնաժողովը որևէ արդյունավետություն չի ունենալու:
«Մարդը խոսում է ոչ թե զգուշավորության, այլ աջակցելու մասին: Նման հայտարարություն կարող է կատարել միայն այն մարդը, ով վստահ է, որ անպատիժ է մնալու: Սա այդ հանձնաժողովի անարդյունավետության լավագույն վկայությունն է»,- հավելում է նա: