ՀՀ Արտգործնախարարությունը ավելի քան 1 տարի ահազանգելուց հետո վերջապես միջոցներ ձեռնարկեց Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ
14:48, July 27, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունքՈւկրաինայի Վճռաբեկ դատարանը բեկանել է Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Էդգար Գևորգյանի գործը և ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության: Բեկանման հիմքում ամբաստանյալի՝ թարգմանիչ ունենալու իրավունքից զրկված լինելն է եղել:
Էդգար Գևորգյանի քույրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել դեռևս անցյալ տարվա փետրվարին: Նա հայտնել էր, որ եղբոր իրավունքների պաշտպանության և ՀՀ տեղափոխելու հարցով բազմիցս դիմել են ՀՀ պետական իրավասու մարմիններին, սակայն ապարդյուն: ՀՔԱ Վանաձորի տեղեկատվական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունից դատապարտյալի տեղափոխման անհնարինությունը պատճառաբանել էին ՔԿՀ-ների գերբեռնվածությամբ: Սակայն ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը ժխտել էր ցմահ ազատազրկվածների խցերի գերբեռնված լինելը, որից հետո Կազմակերպությունը 2016 թ. օգոստոսի 19-ին նույն հարցով երկրորդ անգամ էր դիմել Արդարադատության նախարարություն: Այս անգամ Նախարարությունը դատապարտյալի տեղափոխման անհնարինությունը պատճառաբանել էր նրա՝ դատավճռով սահմանված ֆինանսական պարտավորություններով՝ Ուկրաինայի նկատմամբ:
Միևնույն ժամանակ Կազմակերպությունը նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարություն էր դիմել՝ քրեական գործի նյութերի՝ ուկրաիներենից ռուսերեն թարգմանությունը կազմակերպելու և դատարանում ներկայացված լինելու հարցում ՀՀ Արտգործ նախարարության հնարավոր միջամտության ակնկալիքով: Նախարարությունից հայտնել էին, որ քրեական գործի նյութերը ուկրաիներենից ռուսերեն թարգմանելու հարցով Ուկրաինայում ՀՀ դեսպանության դիմումը դատարանը մերժել է՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: Նշել էին նաև, որ Վճռաբեկ դատարանում կայացած դատական նիստերին ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկա չի գտնվել, քանի որ դատական նիստի օրվա մասին իրազեկված չի եղել: Դրանից հետո Կազմակերպությունը երրորդ հարցումն էր ուղարկել Արտգործ նախարարություն՝ տեղեկատվություն հայցելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ը կարող է տրամադրել ֆինանսական միջոցներ քրեական գործի նյութերի թարգմանության համար, իսկ եթե ոչ, ապա խնդրել էր նշել պատճառը:
Արձագանք չստանալով՝ մեկ ամիս անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմել էր Արտգործնախարարություն և պահանջել ՀՀ արտգործ նախարարի միջամտությունը՝ քրեական գործի նյութերը իրեն հասկանալի լեզվով Է. Գևորգյանին հանձնելու հարցում՝ հայտնելով, որ չնայած վերջինս քրեական գործի նյութերի թարգմանությունը դեռևս չի ստացել, նրան տեղափոխում են Ուկրաինայի մեկ այլ քրեակատարողական հիմնարկ:
Եվս չորս ամիս Արտգործնախարարությունից որևէ արձագանք չստանալով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն հարցով հերթական անգամ Արտգործնախարարություն է դիմել 2017 թ. հունվարի 27-ին, ապա ապրիլի 26-ին: Մինչ այդ նախարարությունից հայտնել էին, որ սպասում են Ուկրաինայում ՀՀ դեսպանության պատասխանին:
Վերջին անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Արտգործնախարարություն է դիմել 2017 թ. հուլիսի 12-ին՝ այս անգամ հստակ նշելով դատական նիստի անցկացման օրն ու ժամը: Կազմակերպությունը նաև տեղեկատվություն էր հայցել դատական նիստին ՀՀ դեսպանության ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու հնարավորության վերաբերյալ:
Օրեր առաջ տեղեկացանք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մասնակցել է 2017 թ. հուլիսի 19-ին կայացած դատական նիստին, որի ժամանակ էլ Ուկրաինայի Վճռաբեկ դատարանը ամբաստանյալին թարգմանիչ չտրամադրելու հիմքով բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռն ու գործն ուղարկել նոր քննության: