Շարքային քաղաքացիները հաստատ կփորձեն Սերժ Սարգսյանից հետ չմնալ քրեական վարքով (տեսանյութ)
10:14, August 3, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում վերջին օրերին տեղի ունեցող սպանություններն իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է իշխանության եւ քրեական աշխարհի սերտաճվածության հետեւանք: Քաղաքացիներն ընդամենը օրինակ են վերցնում նրանցից. «Եթե Սերժ Սարգսյանը մտածում է, որ միայն ինքը կարող է ինչքան ուզենա խփի՝ 70, 80, ապա պետք է համոզված լինի, դա ապացուցվում է փաստով, որ նաեւ առանձին քաղաքացիներ կարող են ինչքան ուզում են՝ խփեն»:
Պարոն Սաքունցը նկատում է, որ անձամբ Սերժ Սարգսյանը չափազանց սերտ հարաբերություններ ունի քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Շարքային քաղաքացիները հաստատ կփորձեն նրանից հետ չմնալ իրենց քրեական վարքով. «Սերժ Սարգսյան եւ Շաքրո Մալադոյ, Սերժ Սարգսյան-Ռոբսոն, Սերժ Սարգսյան-Դեդ Հասան: Այս առնչությունները պետք է մտահոգեն իրավապահ մարմիններին»:
Պետության ղեկավարի կապերը քրեական աշխարհի հետ, ըստ իրավապաշտպանի, պետք է դառնան քննության առարկա: Մինչդեռ ոստիկանությունը մատնված է անգործության: Այդպիսի ոստիկանի հետ շարքային քաղաքացիները չեն կարող համագործակցել հանցագործությունների բացահայտման համար. «Նա չի ասի՞՝ ոստիկան, դատախազ, քննիչ, դու ինչ բարոյական իրավունք ունես ինձանից ակնկալիք ունենալու կամ որ ես քեզ հետ աշխատեմ, կամ քեզ դիմեմ, երբ որ դու աչքիդ տակ հանցագործությունների մեջ ներգրաված մարդկանց դեմ գործ չես հարուցում»:
Այսօրվա Հայաստանում իրավական մեթոդներով խնդիրների լուծման որեւէ հնարավորություն չկա ոչ ընտանիքում, ոչ միջանձնային հարաբերություններում. «Օրենքը միայն կիրառում են իրենց հակառակորդների նկատմամբ, բայց սեփական թիմի ներկայացուցիչների նկատմամբ անկիրառելի է եւ այս պայմաններում առանձին քաղաքացիներ սկսում են գործել ջունգլիների օրենքով»:
Հայաստանում պետական վերաբերմունք չկա որեւէ խնդրի հանդեպ: Ըստ Արթուր Սաքունցի, իշխանության վերաբերմունքը պետական խնդիրներին քրեական է. «Զոն նայող իսկական դառել է Սերժ Սարգսյանն իր թիմով եւ Հայաստանի Հանրապետությունը դարձրել է մեծ քրեակատարողական հիմնարկ»: