Պետական ինստիտուտներն արդեն խժռվել են քրեական մտածելակերպով ու կորցրել իրենց իմունիտետը
10:39, September 4, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է քրեական իրավիճակի սրմանը և վերջին օրերին պետական հաստատությունների շենքերում ռումբի տեղակայման մասին ահազանգերին: Իրավապաշտպանի խոսքով՝ ռումբի մասին ահազանգերը պետական ինստիտուտների գործունեության արձագանքն են: Ըստ նրա՝ պետական ինստիտուտների հեղինակությունը և դրանց դերն ու նշանակությունը հանրային ընկալման տիրույթում այնքան են խարխլված, որ արդեն հնարավոր է համարվում նման ահազանգեր հնչեցնել ոչ թե ինչ-որ դպրոցի կամ այլ հաստատության մասին, այլ հենց պետական հաստատությունների:
Ըստ իրավապաշտպանի՝ այս իրավիճակի առաջացմանը նպաստել են մի շարք գործոններ:
«Իշխանության գործելակերպն ու իրականացվող քաղաքականության ազդեցությունն անհամեմատելի է քաղաքացիների առանձին խմբերի կամ նույնիսկ առանձին անհատների ունեցած ազդեցության կամ նրանց կողմից իրականացված գործողությունների հետ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է անպատժելիությանը՝ որպես համակարգային երևույթ, որին նպաստող գործիքներն են հանդիսանում ուժի ապօրինի գործադրմամբ խնդիրների լուծումը: Դրանք կլինեն ընտրություններ, տնտեսական, թե սոցիալական կամ քաղաքական խնդիրներ: Երկրորդ գործոնը իշխանության ամենաբարձր մակարդակում սերտաճվածությունն է քրեական աշխարհի հետ, որն արտահայտվում է հենց ուղղակիորեն քրեական հեղինակությունների հետ նրանց անթաքույց համագործակցությամբ»,- ասաց նա:
Հաջորդը, ըստ իրավապաշտպանի, քրեական աշխարհի ներկայացուցիչների ներգրավումն է քաղաքական գործընթացներում՝ թե ընտրությունների ժամանակ, թե տնտեսական քաղաքականության ոլորտում: Եվ դա շարունակական բնույթ ունի, նույնպես վարակիչ օրինակ է հանդիսանում:
«Եվ, բնականաբար, քրեական աշխարհի գործիքները, մտածելակերպը և մոտեցումները ստանում են օրինակի ուժ՝ որպես լեգիտիմ մեթոդներ: Եվ ի վերջո այս ամենով պայմանավորված կոռուպցիան, որի մեջ վերստին ուղղակի մասնակցություն ունեն քրեական ինստիտուտները՝ ընդհուպ գործը հասնում է արդեն դիվանագիական շրջանում քրեական աշխարհի հեղինակությունների ներգրավմանը: Այսինքն՝ իշխանության քրեականացված լինելը արտահայտվում է քրեական աշխարհի մեթոդների տարածմամբ և դրա գործիքակազմի կիրառմամբ, ինչպիսին են սպանությունը, մահափորձը, զենքի գործադրմամբ խնդիրների լուծման մեթոդիկան»,- ասաց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ այս ամենն արդեն ներթափանցել էր պետական հաստատություններ, պետական ինստիտուտներն արդեն խժռվել են այդ քրեական մտածելակերպով ու վարակվել են: Դրանք արդեն կորցրել են իրենց իմունիտետն այդ հիվանդությունների դեմ: Եվ սա այդ ամենի արձագանքն է:
Արթուր Սաքունցի կանխատեսումներով՝ առաջիկայում այս առումով իրավիճակն ավելի է վատթարանալու:
«Ես ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանը հույս չունենա, որ ինքը զերծ է մնալու նման երևույթներից: Եվ անկանխատեսելիության գործոնը շատ ավելի է մեծանալու, որովհետև իրավապահ մարմինները զբաղված են ոչ թե հանցագործության դեմ պայքարով, այլ ընտրողական արդարադատության հետևանքով նրանք մանր խուլիգանության ու գողության դեպքերով են զբաղվում: Բայց քրեական համակարգերի ու ինստիտուտների դեմ համակարգային պայքար չեն վարում և սահմանափակված են քաղաքական մարմնի քրեականացմամբ: Ավելին, հենց իրավապահ մարմինների տիրույթ էլ է արդեն ներխուժում քրեական աշխարհը», հավելեց նա: