Սաքունց. Հայաստանը պետք է համարել էքստրեմալ զբոսաշրջության համար գրավիչ երկիր
22:28, September 15, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կրակոցներ էին հնչել, որի հետևանքով մեկ մարդ սպանվել, մեկն էլ վիրավորվել էր: Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն տարածեց, որ սպանությունը բացահայտվել է:
Դեպքի առթիվ Hayastan24.com-ը զրուցել է իրավապաշտպան Արթուն Սաքունցի հետ:
-Պարո՛ն Սաքունց, սա ինչի հետևանք է, փաստորեն օրը ցերեկով մայրաքաղաքի սրտում սպանություն է կատարվում: Կարելի է փաստել, որ վերջին շրջանում նման դեպքերի աճ է նկատվում:
Դեպքերը խոսում են այն մասին, որ կրիմինալ աշխարհը չի գտնվում իրավապահ մարմինների հսկողության ներքո: Փաստորեն Հայաստանն այլևս մի այնպիսի տարածք է հանդիսանում, որտեղ քրեկան աշխարհն իրեն ազատ է զգում և իրեն կարող է թույլ տալ օրը ցերեկով իրականացնել նման գործողություններ: Այսինքն քրեական տարբեր խմբավորումների հարցերը կարող են լուծվել հրապարակային հրազենի կիրառման միջոցով: Սա ոչ թե հանցագործություն է սովորական քաղաքացիների կողմից, որոնք կարող են պատահական բնույթ կրել, այլ սրանք այն գործողությունների թվին են պատկանում, որոնց հավանականությունը և հնարավոր կանխատեսումն առավել քան մեծը, որն էլ իր հերթին ենթադրում է իրավապահ մարմինների կողմից համապատասխան կանխարգելման միջոցներ իրականացնումը: Այս խմբավորումները մեկ անգամ չէ, որ աչքի էին ընկել այսպիսի գործողություններով, իսկ դա ենթադրում է, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան իրենց օպերատիվ-հետախուզական գործողությունները պատշաճ կերպով կատարել: Եվ քանի որ, իմ համոզմամբ, չեն իրականացնում, ապա նման իրադարձությունների ականատես ենք լինում: Վահան Աբգարյանը մեկ անգամ չէ, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել… սա փաստում է այն մասին, որ իրավապահ մարմինները պատշաճ աշխատանք չեն կատարում:
– Չե՞ն կարողանում, թե չեն ուզում:
Եթե կարողանային, ապա ոչ միայն ոստիկանության համար, այլ նաև ազգային անվտանգության ծառայության համար պետք է քննարկման թեմա դառնար, թե ինչ հարաբերություններ և ինչ ընդհանուր շահեր կարող են ունենալ Սերժ Սարգսյանն ու Ռուբեն Թաթուլյանը(Ռոբսոն), ինչ առնչություն կարող են ունենալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները Շաքրո Մոլոդոյի հետ, ում «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր կերպով դիմավորում են, ինչով է պայմանավորված նույն Ռուբեն Թաթուլյանին հյուպատոսական անձնագրի տրամադրումը: Մենք լրատվամիջոցներով հրապարակված բազմաթիվ լուսանկարներ ունենք, որոնք վկայում են այդ մարդկանց հետ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Գագիկ Ծառուկյանի, և թե մյուս պաշտոնյանների ունեցած հարաբերությունների մասին: Սրանք փաստեր են, որոնք ոչ միայան քաղաքական հետևանքներ պետք է ունենային, այլև իրավական գնահատական պետք է տրվեր, որը չի արվել: Իրավապահ մարմինները կաշկանդված են որոշակի համակարգային նշանակության խնդիրների քրեական աշխարհի ներգարավածության ներկայացուցիչների դերակատարման ուղղությամբ քննություն իրականացնելու:
Պարո՛ն Սաքունց, մենք բազմիցս հայտարարում ենք, նաև վարչապետի մակարդակով, որ մեր երկիրը զբոսաշրջիկների մոտ պետք է ներկայացնենք որպես գրավիչ ու անվտանգ: Նմանատիպ դեպքերն ինչպես են անդրադառնալու զբոսաշրջիկներին մեր երկիր գրավելու քայլերի վրա:
Դրանք միայն բարի ցանկություններ են, որոնց արտահայտողն առավել քան տեղյակ է, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը, որի մասին չի կարող խոսել իհարկե: Նախ պետք է խոսենք, թե դրանք ինչպես կանդրադառնան մեր քաղաքացիների կյանքի վրա:Կան զբոսաշրջիկներ, որոնք նախընտրում են էքստրեմալ տուրիզմը: Այս դեպքերից հետո, Հայաստանը գուցե պետք է համարել էքստրեմալ զբոսաշրջության համար գրավիչ երկիր, որտեղ նրանք կարող են ականատես լինել ռազբորկաների հրապարակային դեպքերին: