«Մոգոնել են այդ կեղծ ռումբի պատմությունը, որ մարդկանց բերման ենթարկեն». Արթուր Սաքունց
15:10, September 19, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր առավոտյան Հանրապետության հրապարակից ձերբակալել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարել Կարո Եղնուկյանի երեխաներին ու «Հայ կանանց ճակատ»-ի անդամներին:
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հայտարարեց, որ նրանց բերման են ենթարկել հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելու ժամանակ:
Ոստիկաններից մեկն էլ ձերբակալվածներից մեկին ասել էր, թե տեղեկություն են ստացել, որ Ռուզան Եղնուկյանն իր երեխաների հետ միասին պատրաստվել է Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրել։ Այնուհետև պարզվեց, որ ռումբ տեղադրելու մասին ահազանգը կեղծ է:
«Հանրապետության հրապարկում միայն Եղնուկյանի երեխաներն ու «Հայ կանանց ճակատ»-ի անդամները չեն եղել, այլ քաղաքացիներ էլ են ներկա եղել: Այդ արարքը ես համարում եմ կանխամտածված սադրանք ոստիկանության կողմից կամ նրա աջակիցների, այսինքն` իշխանությունների կողմից»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իսկ թե ինչու տարածվեց ռումբի մասին կեղծ տեղեկատվությունն, ըստ մեր զրուցակցի, դրանով նպատակ են ունեցել խափանել բողոքի ակցիան, որն ուղղված էր համաժողովի մասնակիցներին իրազեկելու Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին:
Ըստ իրավապաշտպանի, մեզնից յուրաքանչյուրն ազատ իրավունք ունի տարածելու ցանկացած տեղեկություն` ցանկացած ձևով և ցանկացած քանակով, իսկ ոստիկանների գործողությունն ամբողջովին անհիմն է և ապօրինի:
«Իրենք շատ լավ գիտակցում են, որ օրենքի կետը չի խախտվել, դրա համար մոգոնել են այդ կեղծ ռումբի պատմությունը, որի հիման վրա մարդկանց բերման ենթարկեն: Նույնիսկ դա են անգրագետ կերպով կատարել: Նրանք չեն հասկանում, որ մենակ Եղնուկյանները չեն հրապարկում, այդ դեպքում բոլորին պետք է տանեին: Ոստիկանությունն, ակնհայտորեն, նպատակ է ունեցել խոչընդոտել մարդկանց` քաղբանտարկյալների վերաբերյալ տեղեկություն տարածելու գործողությունը»,- նշեց նա:
Արթուր Սաքունցն ասաց, որ ինքն այժմ գտնվում է Վարշավայում և խոստացավ այս հարցն անպայման հնչեցնել մարդկանց իրավունքների միջազգային հանդիպմանը, որին ըստ նրա, Հայաստանի ներկայացուցիչը պարտավոր է արձագանքել: