ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մասնակցել է 2017 թվականի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման շուրջ հանդիպմանը (HDIM)
12:48, September 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վարշավայում կազմակերպված Մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման շուրջ տարեկան հանդիպմանը, որին նա ներկայացրել է հավաքների ազատության և իրավապաշտպանների գործունեության շրջանակի ապահովման և վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների հետ կապված վիճակի մասին դիտարկումներ:
Անդրադառնալով հավաքների ազատությանը և իրավապաշտպանների պաշտպանվածության վիճակին՝ նա մասնավորապես նշել է, որ «վերջին տարիներին հավաքների ժամանակ արձանագրված խախտումները աչքի են ընկնում առանձնահատուկ բռնությամբ, որը դրսևորվում է ցուցարարների ձերբակալության և բերման ենթարկելու դեպքերի անհամաչափ աճով: Հայաստանի իշխանությունները մեծապես չարաշահվել են հասարակական կարգի պահպանման հռետորաբանությունը՝ հավաքների ազատության հաշվին. ցուցարարները, ակտիվիստները և լրագրողները բռնության գործադրմամբ կամայականորեն և առանց որևէ իրավական հիմքի բերման են ենթարկվել և հավաքների անցկացման վայրերից տեղափոխվել ոստիկանության բաժիններ: 2014 թվականին հավաքներին մասնակցելու կապակցությամբ բերման է ենթարկվել 106 հոգի, 2015 թվականին այդ թիվը հասել է 488-ի, իսկ 2016-ին՝ մոտ 1000-ի:
Արձանագրվել է փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, հարձակումների և քրեական գործեր հարուցելու մի քանի դեպք: Բացի այդ, արձանագրվել է դատարաններում և քրեակատարողական հիմնարկներում պաշտպաններին խուզարկելու և նրանց դեմ կամայականկարգապահական տույժեր նշանակելու նոր միտում:
Իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների կողմից ոստիկանության աշխատակիցների կատարած խախտումների կապակցությամբ ներկայացված բողոքների և հաղորդումների մասով պատշաճ քննություն և պատիժ չի սահմանվում, մինչդեռ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ ցանկացած ենթադրյալ հանցագործություն մասով միշտ խիստ հետապնդում է իրականացվում:
Հետապնդումների քաղաքական բնույթըն ակնհայտ է նախագահի թեկնածու, ներկայումս կալանքի տակ պահվող Անդրիաս Ղուկասյանի դեպքում, ում խափանման միջոցի վերանայման նիստին դատավորը հարց է ուղղել, թե արդյո՞ք կալանքից ազատվելուց հետո նա շարունակելու է իր քաղաքական գործունեությունը: Դրական պատասխանից հետո նրա կալանքի ժամկետը երկարացվել է:
Հավաքների մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ 2016 թվականին անցկացված հինգ հավաքների ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար պատասխանատու ոստիկանության ծառայողները հրազեն են կրել: Դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն երթի ժամանակ հրազեն է կրել ոստիկանության առնվազն 20 ծառայող: Ակնհայտ է, որ հավաքները վերահսկելու նկատմամբ կիրառվում է ընտրողական մոտեցում, և ավելի կոշտ վերաբերմունքի են արժանանում քաղաքական բնույթի հավաքները ու այն հավաքները, որոնք ընկալվում են որպես Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ ուղղված:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ ուղղված հարձակումներն իրականացվում են պաշտոնապես՝ սուտ մատնության կամ զրպարտության մեղադրանքներով, ինչպես նաև ոչ պաշտոնապես՝ Ռուսաստանից ֆինանսավորվող կազմակերպությունների միջոցով, որոնք հայտարարում են, որ պաշտպանում են հայկական ավանդական և ընտանեկան արժեքները, և կարող են դրանք վտանգող տարրեր տեսնել այն ամենի մեջ, ինչ թվում է հակառուսական և եվրոպամետ»:
2017 թվականին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական պատվիրակության դիտողություններից հետո նա հայտարարել է, որ «չնայած Հայաստանի իշխանությունների պնդումներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության զեկույցում ամփոփված են բազում տեղեկություններ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված լուրջ խնդիրների վերաբերյալ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտնել է, որ նախընտրական քարոզարշավի վրա ստվեր են նետել ընտրակաշառքի, ի թիվս այլ հիմնարկների՝ դպրոցներում և հիվանդանոցներում աշխատող պետական ծառայողների վրա գործադրվող ճնշումների և որոշ կուսակցությունների օգտին քվեարկելու ցանկություն ունեցող ընտրողների ահաբեկման մասին վստահելի և մեծ տարածում գտած պնդումները: Այս ամենը հանգեցրել է ընտրական գործընթացի նկատմամբ հանրության շրջանում ընդհանուր առմամբ վստահության բացակայությանը և ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ ընտրողների՝ առանց հաշվեհարդարից վախենալու ազատ քվեարկելու կարողության նկատմամբ աճող մտավախությանը: Քվեարկության գործընթացի վրա ստվեր է նետել նաև քվեարկության և ձայների ամփոփման գործընթացներում կուսակցությունների վստահված անձանց անօրինական ներգրավումը: ԺՀՄԻԳ-ի կողմից վստահելի համարվող փաստերը Հայաստանի իշխանությունները բավականաչափ կարևոր չեն համարել դրանց մասով քննություն կատարելու համար:
Տեղական դիտորդները արձանագրել են լուրջ խախտումներ, որոնց մեծ մասը նշվել է նաև ԺՀՄԻԳ-ի կողմից:
Նման խախտումներից են.
– Հանրապետական կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը և ֆինանսական ակտիվները երեք անգամ գերազանցում են բոլոր մյուս կուսակցություններին պատկանող գույքը և ֆինանսական ակտիվները՝ միասին վերցված: Այս մեկնարկային առավելությունը զուգորդված վարչական լծակների հետ նշված կուսակցությանը դարձնում է անպարտելի:
– Հանրային իրազեկման ուղղությամբ իշխանությունների կողմից կատարվող աշխատանքները բավարար չեն եղել. թեև նոր օրենսգրքով նախատեսվում էր փոփոխություն ամբողջական քաղաքական համակարգում, ընտրողների համար նախատեսված ուսուցողական նյութերում ներկայացվել են միայն քվեարկության կարգի փոփոխությունները, այլ ոչ թե նոր համակարգի ներդրման հետևանքները ընտրական և քաղաքական գործընթացների համար: Բացի այդ, նախապատրաստված նյութերը պատշաճ կարգով չեն տարածվել հանրության շրջանում:
– Ընտրակաշառքի պատճառով ողջ ընտրական գործընթացը կոռումպացվել է: Իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ անգամ պնդել են, որ ընտրակաշառքը ոչ թե քրեական, այլ՝ բարեգործական արարք է:
– Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են բռնության գործադրման դեպքեր, և քարոզարշավներում կենտրոնական տեղ են զբաղեցրել տեղական օլիգարխները և նրանց հեղինակությունը, այլ ոչ թե քաղաքական հարթակները և քաղաքականությունը:
– Բժշկական և կրթական հաստատությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումների և ահաբեկման մասին հավաստի տեղեկությունները հանգեցրել են ընտրական գործընթացի նկատմամբ ընդհանուր առմամբ հանրության վստահության թուլացմանը. տարածված վարչական չարաշահումները համարվել էր բնական և իրավաչափ: Բոլոր դեպքերով քրեական հետաքննություն իրականացնելու հայցերը մերժվել են:
– Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իրավապահ մարմինների պաշտոնյաները պատշաճ կերպով չեն դիտարկել ընտրախախտումների մասին հաղորդումները. նման հաղորդումների ճնշող մեծամասնությունը համարվել է անհիմն և մերժվել է, իսկ ընդունված հաղորդումներով վարույթը ի վերջո նույնպես կարճվել է: Իշխանությունների ջանքերն ուղղված էին ավելի շուտ խախտումների մասին հաղորդումները լռեցնելուն և դրանք թաքցնելուն, քան դրանց հետաքննությանը: Որոշակի դեպքեր համարվել են «առանձին միջադեպեր, որոնք ընտրությունների վրա որևէ ազդեցություն չեն ունեցել», մինչդեռ ծավալուն խախտումների մասին հաղորդումները համարվել են վերացական և կեղծ:
– Ընտրախախտումների պատճառով քաղաքացիների համար դժվար էր քվեարկել ազատորեն ու առանց ճնշումների: Ընտրատեղամասերում արձանագրվել են խմբակային քվեարկության դեպքեր, ինչպես նաև ընտրողներին ուղղորդելու փորձեր և քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ: Այլ անձի օգնությամբ քվեարկելու իրավունքը չարաշահվել է՝ ընտրողների քվեարկության նկատմամբ հսկողություն սահմանելու և ըստ էության նրանց փոխարեն քվեարկելու համար:
– Հայաստանի իշխանությունները հրաժարվել են հրավիրել միջազգային ՀԿ-ներին դիտարկելու ընտրությունները ՝ պնդելով, որ տեղական և միջկառավարական դիտորդների թիվը բավարար է: Սա հակասում է ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտականություններին»:
Վերջին ընտրությունների լույսի ներքո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերջերս թարմացրել է ընտրությունների վերաբերյալ միջազգային առաջարկությունների իրագործման իր գնահատականը:
Զեկույցը կարելի է գտնել այստեղ