Մի քիչ խաղաղություն, խնդրում եմ
15:17, September 21, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՍեպտեմբերի 21-ին նշվում է Խաղաղության միջազգային օրը, որը հաստատվել է 1981 թվականին Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված միջազգային նախաձեռնությամբ, որպեսզի ամբողջ մարդկությունը կարողանա այդ ողջ օրը՝ քսանչորս ժամ, նվիրվի խաղաղությանը և բռնության կանխմանը:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հռչակել է այս օրը որպես «բոլոր ազգերի և ժողովուրդների ներսում և նրանց միջև խաղաղության կատարյալ գաղափարը հարգելու և ամրապնդելու» հնարավորություն: Հնարավորություն բոլորի համար՝ ներգրավվելու և մասնակցելու խաղաղության և հրադադարի ռեժիմի հաստատման մասին մտորումների և աջակցության գործողություններին: Հնարավորություն մարդասիրական և հասարակական կազմակերպությունների համար՝ հրադադարի այս օրից օգտվելով՝ օգնություն ցուցաբերելու և աջակցելու հակամարտության գոտիներում գտնվող կարիքավորներին խաղաղության հաստատման այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են զենքի հանձնումը, ուղղաթիռներից սննդամթերքով ծանրոցներ նետելը, կրթական և սպորտային ծրագրերը կամ պատվաստումների արշավները:
Հաշվի առնելով վերջերս՝ 2016թ. ապրիլին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի ռեժիմի խախտումը, որը տարավ հայկական զինված ուժերից 77 մարդու կյանք, իսկ ադրբեջանական կողմի կորուստների թիվն անհայտ է գաղտնիության պատճառով, Հայաստանի Հանրապետությունում խիստ հրատապ հարց է հակամարտության խաղաղ կարգավորումը և մշտական հրադադարի հաստատումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, լինելով ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն, որի տեսլականն է մարդու արժանապատվության, ժողովրդավարության և խաղաղության գերակա արժեքների վրա հիմնված հասարակություն կառուցելը, որոշել է բարձրացնել խաղաղության միջազգային օրվա մասին հանրային իրազեկության մակարդակը: Պատրաստելով սպիտակ թղթից խաղաղության և հույսի խորհրդանիշներ և դրանք բաժանելով 2017թ. սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀԿ ցուցահանդեսի ընթացքում, ինչպես նաև փոքրիկ ֆոտո-պետիցիայի միջոցով ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման և բռնության նվազեցման կարևորությունը՝ Կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնել ավելի խաղաղ միջավայրի ստեղծմանը:
Այս տարի խաղաղության միջազգային օրվա թեման է «Միասին հանուն խաղաղության. բոլորի նկատմամբ հարգանքի, բոլորի անվտանգության և արժանապատվության», և մենք՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներս, կոչ ենք անում յուրաքանչյուրին միանալու մեզ Խաղաղության մշակույթ կառուցելու ճանապարհին:
Փիա Ուինթեր