Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք շարունակում են ենթարկվել խտրականության ու մեկուսացվել հասարակությունից
10:32, October 10, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խտրականության արգելում, Պացիենտների իրավունքներՀոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Այն հաստատվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և նշվում է 1992 թ.-ից:
Վերջին տարիներին ավելի շատ են բարձրաձայնվում հոգեկան առողջության բնագավառում պետական մարմինների կողմից իրականացվող քաղաքականության և մարդու իրավունքների վիճակի խնդիրները: ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակում են խոցելի մնալ: Նրանք շարունակում են ենթարկվել խտրականության ու մեկուսացվել հասարակությունից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ. իրականացված մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ՝ մշտադիտարկված հրապարակումների 25 տոկոսը պարունակում են այնպիսի տեքստեր և ձևակերպումներ, որոնք նպաստում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հասարակության մեջ առկա կարծրատիպերի ու խարանի ամրապնդմանը։
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք «ազատազրկվում են» հոգեբուժարաններում, խնամքի հաստատություններում՝ կորցնելով իրենց իրացնելու հնարավորությունը, իրենց եսը։ Դա հետևանք է թե առկա խարանի ու կարծրատիպերի, թե անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների բացակայության և թե օրենսդրական անբավարար կարգավորումների:
2016 թվականի մայիսին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ներդրվեց ՀՀ-ում առաջին համայնքահեն ծառայությունը՝ Սպիտակի խնամքի տունը, որն իրականացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու բացառիկ ծրագրեր:
Հանրապետությունում հաշվառված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 հազար անձանց գերակշիռ մասը զրկված է այդ հնարավորությունից. նրանց մի մասը գտնվում է փակ տիպի հաստատություններում՝ մեկուսացված համայնքից, մյուս մասը, ապրելով համայնքում, լիարժեք ներառված չէ համայնքային կյանքին, չի ստանում պատշաճ խնամք և բուժում:
Ինչպես իր նախնական դիտարկումներում նշել է վերջին օրերին Հայաստանում գտնվող ՄԱԿ հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը, Հայաստանը կարող է և պատրաստ է հետևել հոգեկան առողջության ոլորտում միջազգային լավագույն փորձին՝ հրաժարվելով հոգեկան առողջության հնացած այն քաղաքականություններից և ծառայություններից, որոնք հիմնվում են մեծ հոգեբուժական հիվանդանոցների և երկարաժամկետ խնամք տրամադրող հաստատությունների վրա:
«Ես մեծապես խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ արագացնել հոգեկան առողջության ոլորտին ուղղված բարեփոխումները և ապահովել այսպիսի համայնքային ծառայությունների ընդլայնումը փորձնական ծրագրերի սահմաններից անդին, որպեսզի դրանք կրկնօրինակվեն և տարածվեն բոլոր մարզերում». նշված է ՄԱԿ հատուկ զեկուցողի դիտարկումներում: