ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի արդի իրավիճակի եւ իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ
10:58, October 15, 2017 | Համատեղ, ՀայտարարություններԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունները մշտապես հետեւողականորեն դիտարկում են Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում տիրող վիճակը եւ դրանում կատարվող բարեփոխումների ընթացքը: Դրա արդյունքում կատարվում են պարբերական վերլուծություններ եւ ներկայացվում են ՀՀ պատկան մարմիններին, հանրայնացվում են ԶԼՄ-ներով: Այդպիսի վերլուծություններից մեկը վերջերս ներկայացվեց 2017թ. սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին» թեմայով անցկացված ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովում: Այդ քննարկման ժամանակ արձանագրվեցին հետեւյալ եզրակացությունները.
- Հայաստանի Հանրապետությունը լիազորությունների ապակենտրոնացման ամենացածր մակարդակ ունեցող երկրներից է՝ չնայած այն հանգամանքին, որ տեղական իշխանությունները, ամենամոտը լինելով ժողովրդին, հնարավորինս պետք է օժտված լինեն իրավասությունների եւ լիազորությունների լայն շրջանակով եւ ունենան դրանք իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ.
- Երկրում մեկնարկած վարչատարածքային բարեփոխումները, սկիզբ առնելով որպես երկար տարիների փորձագիտական ուսումնասիրությունների, քննարկումների, ընդունված հայեցակարգով նախանշված կանոնների եւ պահանջների վրա հիմնված գործընթաց, վերածվել են լայնածավալ եւ տարերայնորեն առաջ տարվող քաղաքական ծրագրի, որն իրականացվում է՝ առանց պահպանելու հայեցակարգով սահմանված «խաղի կանոնները» եւ առանց հաշվի առնելու քաղած դասերը:
- Նոր ձեւավորվող համայնքների քարտեզների եւ դրանցում ընդգրկվող համայնքների ցանկը խիստ սուբյեկտիվ է, եւ դրանցում տրամաբանության բացակայությունը հուշում է դրանց՝ «փակ դռների հետեւում» կազմված լինելու մասին.
- Խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի համար ստեղծված չեն իրենց ինքնությունը պահպանելու, համայնքի կազմում իրենց կարիքի եւ առկա ռեսուրսների միջեւ համամասնությունն ապահովելու երաշխիքներ.
- Իրականացված չեն միջհամայնքային միավորումների ինստիտուտի կայացմանն ուղղված գործնական քայլեր.
- Երեւան, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում անցումը համայնքի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգին՝ հուշում է տեղական ինքնակառավարման ողջ համակարգում այդ ընտրակարգին անցնելու քաղաքական կուրսի մասին։ Ընտրված լինելով համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարը կորցնում է համայնքի բնակիչների առջեւ պատասխանատու եւ հաշվետու լինելու պարտավորությունը.
- Համայնքի ավագանու ընտրության գործող կարգը հնարավորություն չի տալիս առաջադրվելու քաղաքացիական նախաձեռնություններին եւ անհատների խմբերին, որոնք չեն ցանկանում հանդես գալ որեւէ քաղաքական միավորման կազմում, ինչի մասին հստակորեն նշված է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններում.
- Հայաստանում դեռեւս չկա հստակ ձեւավորված տեսլական տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ, արդյունքում, չկա հստակ պատկերացում նոր ստեղծվող համայնքի նվազագույն արդյունավետ չափի եւ լիազորությունների ապակենտրոնացման ընդունելի մակարդակի վերաբերյալ: Չկա «ապակենտրոնացման ճանապարհային քարտեզ», որտեղ հստակորեն պետք է նշված լինեն համայնքներին եւ միջհամայնքային միավորումներին փոխանցվող լիազորությունների ժամկետները եւ շրջանակները։
Հաշվի առնելով վերոգրյալը, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն անհրաժեշտ է համարում ՀՀ իշխանություններից պահանջել՝
- Անհապաղ հանրությանը ներկայացնել ՀՀ վարչատարածքային նոր բաժանման նախնական քարտեզը, համաձայն որի նախատեսվում է իրականացնել բարեփոխումների գործընթացը.
- Վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում իրականացվող յուրաքանչյուր քայլ դնել լայն քննարկման քաղաքացիական հասարակության, ազդակիր համայնքների եւ շահագրգիռ այլ կողմերի շրջանում.
- Մշակել եւ կիրառության մեջ դնել գործիքակազմ, որը հնարավորություն կտա համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին պահպանել իրենց ինքնությունը՝ ապահովելով տվյալ համայնքի կազմում իրենց կարիքի եւ առկա ռեսուրսների միջեւ համամասնությունը.
- Մշակել համայնքներին նոր լիազորությունների տրամադրման ռազմավարություն կամ ճանապարհային քարտեզ, որտեղ մանրամասն պետք է նշված լինեն լիազորությունների ապակենտրոնացման նախատեսվող քայլերը եւ հստակ ժամկետները.
- Լիազորությունների ապակենտրոնացման գործընթացում օգտագործել նաեւ միջհամայնքային միավորումների ինստիտուտը.
- Ձեւավորել այնպիսի ընտրական համակարգ, որը քաղաքացիական նախաձեռնություններին հնարավորություն կտա առաջադրվել համայնքի ավագանու ընտրություններին եւ իրենց ներկայությունը ապահովել ավագանու կազմում՝ չմտնելով որեւէ քաղաքական միավորման կազմի մեջ.
Ազատվել համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու արատավոր փորձից։
14.10.2017