«Կարող է իրականանալ անմեղ մի պահի»․ Մհեր Արշակյանը՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին
14:08, October 25, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ medialab.am լրատվական կայքում հրապարակված՝ Մհեր Արշակյանի հեղինակած «Գորիկ Հակոբյան. Հրեշը»վերնագրով նյութի մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետևյալ բովանդակությամբ սպառնալիք հղեց նյութի հեղինակին. «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»:
ՍիվիլՆեթին տված մեկնաբանությունում Մհեր Արշակյանը նշում է, որ սպառնալիքը կարող է իրականանալ բոլորովին «թյուրիմացաբար»։
«Վտանգը զգում եմ ոչ այն իմաստով՝ հետևում են ինձ, թե ոչ։ Այլ այն, որ այդ սպառնալիքը կարող է իրականացվել որպես պատահականություն, ընդհանուր մի փողոցային հանցագործության փնջի մեջ։ Այդ սպառնալիքը կարող է իրականանալ բոլորովին անմեղ մի պահի, բոլորովին «թյուրիմացաբար»,- ասել է լրագրողը։
Մհեր Արշակյանին սպառնալիքներ հղելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՀ Գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:
Գրասենյակը տեղեկացնում է, որ մեկնաբանության հեղինակը, որը Ֆեյսբուքում գրանցված էր հունատառ անունով, ավելի ուշ հեռացրեց այդ մեկնաբանությունը, ապա ինքնաջնջվեց սոցիալական կայքից:
ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համոզմունք է հայտնել, որ մեկնաբանությամբ նշված սպառնալիքներն ավելի քան իրական են և միտված են վախեցնելու և տագնապ առաջացնելու լրագրողի մոտ, ինչը քրեորեն հետապնդելի արարք է: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է հարուցել քրեական գործ, հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել սպառնալիք տված անձին: