Ոստիկանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ոստիկանության ոչ բոլոր ստորաբաժանումների տարբերանշաններն է տրամադրել
17:47, December 8, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | ՈստիկանությունԱյսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 8-ին, ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է տեղեկատվություն տրամադրել ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, և նրանց գործառույթների մասին:
ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նույնաբովանդակ հարցման՝ 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն ոստիկանության տարբերանշանների մասին՝ մնացած մասը համարելով պետական գաղտնիք:
Այսօր դատարանում Ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ հարցման այդ մասով տրամադրված տեղեկատվությունը ևս ամբողջական չէ, Կազմակերպությանը ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների միայն մի մասի տարբերանշաններն են տրամադրվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ս. Սողոմոնյանը հայցի հիմքերն ու առարկան ներկայացնելուց հետո միջնորդեց փոփոխել հայցի առարկան և բոլոր ստորաբաժանումների տարբերանշանների մասով ևս պահանջ ներկայացնել:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ հարցմամբ տեղեկատվություն է պահանջվել առանձին ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ, ոչ թե բոլոր, հետևաբար՝ ՀՀ Ոստիկանությունում կարող էին չընկալել որպես բոլոր ստորաբաժանումների վերաբերյալ պահանջ:
Այսքանով նախնական դատական նիստն ավարտվեց: Դատարանը դատաքննության օր է նշանակել 2018 թ. փետրվարի 9-ը: