«Եթե ամեն ական դնելու ժամանակ զոհ ունենանք՝ վաղը բանակ չենք ունենա»
17:45, January 8, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերԲանակի հրամանատարության չհաշվարկված ու անմարդկային հրամանները զինծառայողների կյանքեր են արժենում։ Այդպիսի դեպք է, օրինակ, անփորձ զինվորականներին ական տեղադրելու/վնասազերծելու ուղարկելը։ Միայն 2017-ի ընթացքում Զինված ուժերում գրանցվել են մեկ տասնյակի հասնող ականապայթյունային դեպքեր, որոնց հետևանքները մեծաթիվ զոհերն ու վիրավորներն են։
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության փաստահավաք աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի հետ սահմանում ականապատման աշխատանքներում հաճախ ներգրավվում են անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ չունեցող զինվորականններ։
Այսպես, 2017-ի մարտին Թալիշում ակնապայթյունային վիրավորում է ստացել լեյտենանտ Երվանդ Խաչատրյանը, մայիսի 4-ին Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել է Շիրազ Սահակյանը։ Եվս մեկ դեպք գրանցվել է հուլիսի 19-ին՝ վիրավորվել էր Արարատի զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Զախարյանը։ Գրեթե մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 11-ին, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում ականի պայթյունից վիրավորվեց շարքային զինծառայող Արթուր Դանիելյանը։
Իսկ արդեն աշնանը ականի պայթյուններն ունեցան մահվան ելք։ Սեպտեմբերի 1-ին Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացավ 19-ամյա Հայկ Խաչատրյանը։
Նոյեմբերի 21-ին Արցախի Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասում ական տեղադրելիս մահացան միանգամից 3 զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Աբրահամյանը և Սարգիս Մելիքյանը։ Ծանր վիրավորվեց շարքային զինծառայող Նարեկ Հովեյանը, որը կորցրեց մեկ աչքը։ Վերջինիս մոր՝ Սեդա Ղարիբյանի հաղորդմամբ՝ Նարեկը չի ունեցել սակրավորի մասնագիտացում, բայց ընդգրկվել է հատուկ հմտություն պահանջող աշխատանքում։
Այդ օրվա զոհերից սակրավոր Սարգիս Աբրահամյանի ընտանիքի համար դեռ գաղտնիք է, թե ինչպես և ում մեղքով է պայթել չարաբաստիկ ականը՝ դառնալով համընդհանուր ողբեգության պատճառ։ forrights.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի մայրը՝ Սուսաննա Հարությունյանը նշում է․
«Եթե սպան փորձառու լիներ, ոչ իրա կյանքը կգնար, ոչ էլ մեր բալաների։ Սարգիսիս ասում եմ՝ բալա ջան, թող մենք լինենք վերջին որդեկորույս ծնողները, դու լինես վերջին մահացած զինվորը։ Մեղք են մեր մայրերն էլ, զինվորներն էլ․․։ Պահանջս ի՞նչ ա՝ խի՞ են երկու ամսվա ծառայող սպային ուղարկում մին տեղադրելու։ Համ ինքը գնաց, համ մեր երեխեքին տարավ»։
Ինչպես Սարգիս Աբրահամյանի, այնպես էլ շարքային մյուս զինծառայողների ընտանիքներին Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը չի այցելել ու դեպքի վերաբերյալ բացատրություն չի տվել։
Հայտնի է, որ ականի տեղադրմանը մասնակցած 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը զորամասում ծառայության էր անցել մահվանից ընդամենը 2 ամիս 3 շաբաթ առաջ։ Փաստորեն՝ Արցախի բանակի հրամանատարությունը ականի տեղադրման էր ուղարկել անփորձ սպայի ու ևս 3 ժամկետային զինծառայողների, որոնցից մեկը՝ ոչ սակրավոր։
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությանը հայտնի է դարձել մեկ այլ արտառոց պատմություն։ Ականի պայթյունից մահացել է մեկ, վիրավորվել հինգ զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին՝ Արցախի Աղդամի զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետում։ Ապրիլյան պատերազմին ադրբեջանցիները գրավել էին այս դիրքն ու ականապատել։ Հայկական կողմին հաջողվել էր այն ազատագրել և այդտեղ կրկին մարտական հերթապահություն սահմանել։
Չիմանալով, որ տարածքն ականապատված է, զինծառայողները մեկը մյուսի հետևից վիրավորվում են, մահանում է 1996 թվականին մահացած Գևորգ Հարությունյանը։ Ականի պայթյունից ծանր վիրավորվել է նաև Դավիթ Ապրեսյանը, որը forrights.am-ին վերապատմում է ահասարսուռ տեսարանը․
«Առաջին մինայի վրա ես կանգնեցի, պայթեց, կոշիկս փրկեց, թե չէ ոտքս կորցնելու էի, ես ընկա, շունչս սկսեց կտրվել, սկսեցի օդ կրակել, ընկերս վազելով եկավ, ասեցի, որ ջուր բերի, խեղդվում էի: Գնաց ջուր բերի, վաշտի ֆելդշերը եկավ, ինձ ցավազրկող սրսկեց, հետո մյուս ընկերս եկավ վերևից՝ Գևորգը ու մինայի վրա տրաքեց: Ինքը տեղում մահացավ: Բատալյոնի ֆելդշերը գնում է Գևորգին օգնելու, նա էլ է տրաքում, հետո վաշտի հրամանատարն է գալիս օգնելու, նա էլ է տրաքում, երկու հոգու դեպքում էլ աչքերն էին վնասվել»։
Այս դեպքը Արցախի ՊԲ-ի ղեկավարության անփույթ և անպատասխանատու աշխատանքի մասին է վկայում։ Մասնավորապես՝ ադրբեջանցիներից դիրքը հետ գրավելուց հետո չի ստուգվել՝ արդյո՞ք մարտական հենակետում հերթապահության անցկացումն անվտանգ է․ դիրքում տեղադրված ականները ժամանակին չեն հայտնաբերվել ու չեն վնասազերծվել։ Հակառակ դեպքում՝ 1 զոհն ու 5 վիրավորները չէին լինի։
Նշենք, որ հարուցված քրեական գործի քննությամբ՝ դեպքի համար որևէ մեկը հրամանատարական կազմից պատասխանատու չէ։ Դեպքից 3 ամիս անց քրգործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է։
Դավիթ Ապրեսյանը ապրիլյան պատերազմի մասնակից է, ոտքին 77 կար է դրված, նա երրորդ կարգի հաշմանդամ է։ Հայրը՝ Մելիք Ապրեսյանը նշում է, որ թեև դեպքից մեկ տարի է անցել, բայց Պաշտպանության նախարարությունից որեւէ մեկն այժմ չի հետաքրքրվում որդու առողջությամբ. «Ես էս պետությունից մի բան եմ ուզում, իմ էրեխեն նորմալ բուժվի: Հիմա ոտքը չի կարողանում գետնին դնել, չի կարողանում քայլել: Ես շատ վիրավորված եմ: Մի տարուց ավելին ա անցել դեպքից, էս ընթացքում որեւէ մեկը դուռս չի ծեծել, չի հարցրել` ոնց ա էրեխեն, ինչ վիճակում է: Ոչ մի աջակցություն չտեսա»: Դավիթի կրունկը ականի պայթյունից փշրվել է, և միայն վիրահատությունների միջոցով է վերականգնվել: Ոտքի թաթերը չեն աշխատում և հետագա լիարժեք բուժումը հարցականի տակ է։
Հատկանշական է, որ Արցախի Պաշտպանության բանակը թաքցրել է ականի պայթյունից 5 վիրավորի փաստը՝ պաշտոնական հաղորդագրությունում հայտնելով միայն 1 զինծառայողի մահվան լուրը։
Ականի պայթյունների դեպքերով Բանակի ղեկավարությունը թեև ներքին հետաքննություն է անցկացնում, բայց այդպես էլ պատասխանատուներ կամ մեղավորներ ի հայտ չեն գալիս։ Սա այն դեպքում, երբ հայտնի է, թե զորամասի ո՞ր պաշտոնյան է հրամայել անփորձ և չպատրաստված զինծառայողներին գնալ ական տեղադրելու։
Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը գիտի, թե ում ուղղությամբ է պետք ուղղել մեղադրանքի սլաքները․ «Հրամատարից սկսած մինչև նախարար պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Ընդ որում, պատիժը պետք է հասնի մինչև Ղարաբաղի ինժեներական զորքերի հրամանատար»։
Եթե հակառակորդի կամ համածառայակցի կրակոցից զինծառայողի մահանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն պատասխանատվության բեռը հեշտորեն գցում են իրենց ուսերից, ապա ականի մահացու պայթյունների պարագայում այդ կառույցները ուղղակի մասնակիցն ու հրահանգ իջեցնողներն են։ Այժմ սահմանին ռազմական գործողությունների ակտիվ շրջան չէ, և Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ անթույլատրելի է Բանակում անփութության, ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում այսպիսի կորուստներ ունենալը․
«Եթե ամեն մի ական դնելու, ականազերծման ժամանակ մենք զոհ ունենանք՝ վաղը բանակ չենք ունենա: Հատուկ պատրաստվածություն չունեցող զինվորներին նման հրաման տալը չի արդարացվում ոչ մի դեպքում»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ Զինված ուժերի հրամանատարությունը չի փորձում ականի պայթյունների ու դժբախտ պատահարների դեմն առնել․
«Որպես նախարար՝ Վիգեն Սարգսյանը սրա մասին պետք է մտածի: Լուծումներն ինչպե՞ս է նա տեսնում՝ 1000 դրամներո՞վ, տարկետման իրավունքի կրճատմա՞մբ, թե՞ բանակում խիստ կարգուկանոն հաստատելով, մասնագիտական հմտություններով կադրերի պատրաստմամբ»,- Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ բանակում ունենք պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող կադրերի դեֆիցիտ։ Սա նշանակում է՝ Զինված ուժերի ղեկավարությունը չի պատկերացնում, թե բանակի արդիականացման ինչ ծրագրով է պետք առաջ շարժվել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաշվարկներով՝ 2014 թվականից սկսած բանակում գրանցվող մահացության ընդհանուր թվում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացություննեերի թիվը կազմում է 50-55%, մյուս կեսը կազմում են կանոնադրական հարբերությունների խախտման հետևանքով դեպքերը՝ ինքանասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ և այլն:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որևէ գաղափարական կամ բարոյական պատասխանատվության զգացում չունի: Բանակում չծառայած նախարարը չի էլ պատկերացնում, որ իր ղեկավարած գերատեսչության ամեն գործողություն կամ անգործությունը մարդկային կյանքի հետ է առնչվում․
«Իր խոսքերում ես չեմ լսել զինվորի առջև պատասխանատվության, զինվորի, սպայի կյանքի պատասխանատվության վերաբերյալ գոնե մեկ արտահայտություն»:
Բանակում զոհերի թիվը կկրճատվի, եթե փոխվի ղեկավարության վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Մինչդեռ այսօր նախարարից սկսած՝ մարդիկ դիտարկվում են անագե զինվորներ՝ թվաքանակ։ Այդ պատճառով էլ բանակում զոհվածների գրեթե կեսը կյանքից զրկվել են խաղաղ պայմաններում, և ո՛չ հակառակորդի գնդակից։
«Անփորձ զինվորին ականի տեղադրման տանելը վկայում է զինվորի՝ որպես մարդու, և զինվորական ծառայության նկատմամբ անպատասխանատվության մասին, որի անմիջական հետևանքները, ցավոք սրտի, կրում են հենց զինվորները»,- իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատի ունի ականի պայթյուններից վիրավորումների և մահացությունների մեծ թիվը։
Նրա խոսքով՝ Զինված ուժերի ներկա ղեկավարությունը չի փորձում քաղհասարակության հետ աշխատանքով բանակում առկա խնդիրներին հիմնավոր լուծումներ տալ։ ՊՆ-ն այլ ճանապարհով է գնում՝ երկարացնում է ծառայության ժամկետը, գործարք առաջարկում մահացած կամ վիրավորված զինծառայողի ընտանիքին՝ մահացար՝ կստանաս փոխհատուցում սկզբունքով։
«Սա ակնհայտ անմարդային վերաբերմունք է: Արմատապես պետք է փոխվի վերաբերմունքը։ Եթե անգամ զինվորական ծառայությունը դրվի պայմանագրային սկզբունքների վրա, ապա հիմքում պետք է չլինի առևտրային կամ բիզնես հոգեբանությունը»,- ասում է Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը վստահ է, որ Հայաստանում զինվորական ծառայության կազմակերպման մոտեցումների, պաշտպանության ապահովման հիմքում ընկած է բացարձակապես «հոշոտման» հոգեբանությունը։ Այսինքն՝ զինվորի մահը կամ առողջական խնդիրը նույնն է, ինչ օրինակ՝ ավտոմեքենայի շարքից դուրս գալը, կամ վերանորոգելը:
Քանի դեռ զինվորին վերաբերվում են ինչպես մեխանիկական օբյեկտի, բանակում անմեղ զոհերը շարունակվելու են․․․