Վիգեն Սարգսյանի hանգանակության կոչը նշանակում է, որ ինքն ընդունում է, որ պետական գործիքներն անարդյունավետ են. Ա. Սաքունց
15:12, January 17, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՔաղաքացին որպես զինծառայող իր պարտականությունը կատարում է, և պետության պարտավորությունը պետք է լինի ապահովել նրա առողջական խնդիրների լուծումը, որոնք առաջացել են զինվորական ծառայության ընթացքում. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը՝վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտասահմանում բուժզննման համար միջոցներ հանգանակելու մասին:
«Տվյալ դեպքում պաշտպանության նախարարն ունի գործիքներ, որ օրենքով սահմանվում են: Դա քաղաքականության մշակումն է, որի մեջ մտնում են օրենսդրական դաշտի փոփոխությունները. օրենքով սահմանված լիազորությունները պետք է իրականացնի, որի նպատակներից մեկը զինծառայողների առողջական խնդիրների լուծումն է: Դրա համար մենք բոլորս պետական գանձարան վճարում ենք հարկեր, սա է ամենապարզ լուծումը, և սրա փոխարեն պաշտպանության նախարարը հանդես է գալիս հանգանակության միջոցով հարցը լուծելու կոչով. սա նշանակում է որ ինքն ընդունում է, որ կամ պետական լծակները և գործիքներն անարդյունավետ են, կամ ինքը հրաժարվում է այդ գործիքները կիրառելուց։ Եթե անարդյունավետ են, վերստին խնդիրը իրենն է»,-ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ այն պատճառաբանության դեպքում, որ պետական բյուջեի միջոցները սուղ են և նման դեպքերի համար հնարավոր չէ լուծում տալ, առաջ են գալիս պետական միջոցների հավաքագրման հետ կապված հարցեր:
«Եթե ինքը ասեր՝ այ հարգելի ժողովուրդ, մենք այս օրենսդրական նախաձեռնությունն ենք արել կամ որոշման նախագիծը, և չի ընդունվել քաղաքական մեծամասնության կամ կառավարության կողմից, մենք այդ դեպքում կարող ենք աջակցել նախարարի նախաձեռնությանը։ Բայց երբ որ միանգամից մտնում է այն դաշտը, որտեղ ամեն մեկը կարող է անել, բայց ոչ նախարարը, այստեղ ինքը դառնում է ամեն մեկը՝ յուրաքանչյուրս կարող ենք հանդես գալ հանգանակության հարցով։ Այդ դեպքում նախարար աշխատելու համար, դուրս է գալիս, որ հանգանակությունն է հանդիսանում նախարարի՝ որպես քաղաքականություն իրականացնողի գործիքը, սա անընդունելի է, որովհետև պետության պատասխանատվության հարցը վերանում է»,-ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանի կարծիքով՝ խնդիրն այստեղ քաղաքացիների արձագանքելու մեջ չէ: Ըստ նրա՝ նմանատիպ կոչով հանդես գալը ցույց է տալիս, որ պաշտպանության նախարարը հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, և երկրորդ՝ մյուս կողմից էլ Վիգեն Սարգսյանը ամբողջովին տեղավորվում է իր տրամաբանության մեջ որպես նախարար, որի առաջին գործերի մեկը 1000 դրամների հիմնադրամի ստեղծումն էր:
Նա նշում է, որ քաղաքացիների՝ որպես հարկատուներ տված միջոցների անարդյունավետության խնդիրն է առաջ գալիս զուգահեռաբար, երբ երկրում կա կոռուպցիա, ստվերային տնտեսություն, սոցիալական անարդարություն:
«Նման առաջարկով հանդես գալով՝ ոչ միայն պետություն հասկացությունն է խեղվում, այլ նաև կարծես թե մարդկանց տասնապատիկ շահագործման միտումը ունի, այսինքն՝ զգացումների վրա խաղալը՝ ոչնչացնելով պետական ամբողջ ինստիտուտների տրամաբանությունը, ուղղակի անթույլատրելի է»,-ասաց Սաքունցը:
Տես նաև՝ globnews.am