Ծխելու համար 250 հազար դրամ ոչ ոք չի կարողանալու վճարի եւ դա բերելու է կոռուպցիոն ռիսկերի
20:46, February 2, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծ: Ըստ այդ նախագծի՝ ծխախոտի օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում, եւ չսահմանված վայրում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում`250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով: Ինչքանո՞վ է սա սահմանափակում մարդու իրավունքները, եւ ի՞նչպես կաշխատի այս օրենքն ընդունվելու դեպքում: Մեր հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
– Պարոն Սաքունց, ԱՆ-ն նոր օրենսդրական նախագիծ է մշակել, ըստ որի հասարակական վայրերում՝ ռեստորաններում, սրճարաններում եւ այլ վայրերում ծխելը ծխողին կարժենա 250 հազար դրամ, նորմա՞լ է սա, ըստ ձեզ։
– Ընդհանրապես ծխախոտի դեմ պայքար արժե տանել, բայց միայն պատժողական մեթոդներով մոտեցումը բացարձակապես որեւէ արդյունք չի ունենալու։ Ավելին՝ նպաստելու է կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, եւ նաեւ անհամաչափ է, որովհետեւ տուգանքի չափը 250 հազար դրամ է: Հաշվի առնենք, որ թմրամիջոց օգտագործելու համար վարչական պատասխանատվությունը նախատեսված է 100 հազար դրամ։ Նաեւ նման տարածական սահմանումը՝ հասարակական վայրեր, նույնիսկ այն երկրներում, որտեղ արդյունավետ պայքար են մղում ծխախոտի օգտագործման դեմ, այնտեղ միշտ առանձնացված տարածքներ կան ծխողների համար, որպեսզի մարդկանց համար մատչելի լինի նույն տարածքներից օգտվելը ռեստորանում, սրճարանում եւ այլն։ Բնականաբար, դա չի վերաբերվում խանութներին կամ օդանավակայաններին, որտեղ ծխելու համար հատկացված են տարածքներ։ Այսինքն, դա, մեր մոտեցմամբ, տարբեր առումներով պատժողական նշանակություն ունի։ Պատժողական մոտեցումը բացարձակապես չի հանգեցնելու խնդրի լուծմանը։
– Իսկ սա մարդու իրավունքների խախտում չէ՞։
– Խնդիրն այն է, որ ծխողը չպետք է իր ծխելու ընտրությունը իրականացնելուց վնասի այլոց առողջությանը, բայց պետությունն էլ իր հերթին պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի այդ վնասը չլինի։ Այսինքն, դրա համար ասում եմ՝ պետք են առանձնացված տարածքներ։
– Այսինքն՝ ինչպես որոշ տեղերում ընդունված է՝ ծխողների եւ չծխողների սրա՞հ է պետք։
– Այո, պետք է նրանք ապահովեն տարածքներ։
– Իսկ եթե ամեն դեպքում այս օրենքն ընդունվի, այն կաշխատի՞, մարդիկ կկարողանա՞ն այդպիսի տուգանքներ վճարել օրենքը խախտելու դեպքում։
– Չեն կարողանալու, եւ դա հանգեցնելու է կոռուպցիոն ռիսկերի։ Հաստատ 250 հազար դրամ ոչ ոք չի կարողանալու վճարի եւ չի էլ վճարի։ Եվ ոստիկանները կամ պետական մարմինները, ովքեր կփորձեն վարչական պատասխանատվության ենթարկել, կգնան կոռուպցիոն գործարքի՝ ավելի ցածր գներով համաձայնության գալով եւ օրենքը այդպես չի աշխատի։ Ամենադասական օրինակն ալկոհոլի դեմ պայքարն էր ԱՄՆ-ում, որը չհանգեցրեց ալկոհոլի օգտագործման դադարեցմանը, կամ նույն ԽՍՀՄ-ի ժամանակ չէին կասեցնում ալկոհոլի օգտագործումը։ Ուղղակի պետք է սովորել ուրիշի դասերից եւ ոչ թե հերթական անգամ հիմարություններ անել։
– Այսինքն, սա ավելի շատ վնասելու է, քան օգո՞ւտ տալու:
– Բնականաբար։