Որքան էլ քննությունը ձգձգեն, գործը չեն կարողանա «ջրել». Արթուր Սաքունցը՝ medialab.am-ի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին
10:37, February 5, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրդեն հայտնել ենք, որ medialab.am լրատվականը կայքի խմբագրությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ սպառնացողն ակնարկել է, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։
Կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի տեղեկացմամբ, լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է ստանում, սակայն այս մեկն առավել արտառոց է։
Դեպքի առնչությամբ GlobNews.am-ը զրուցեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ղեկավար Արթուր Սաքունցի հետ։
Իրավապաշտպանը նշեց, որ դեպքի առնչությամբ ՀՔԱՎ-ը արդեն հաղորդում է տվել: «Այս դեպքում կա կոնկրետ սպառնալիք ֆեյսբուքյան օգտատիրոջից, ում էջը ֆեյք չէ: Իր տվյալները կան, և նա ահաբեկչական գործողության օրինակով սպառնում է, իսկ դա բավականին լուրջ է: Ես գիտեմ, որ այդ օգտատերն ընդհուպ մինչև Մարիաննա Գրիգորյանի ընտանիքին է հիշատակում՝ իր անձնական նամակներում: Եվ ոստիկանապետի կողմից արդեն հրահանգ է տրված, որ կազմակերպված հանցագործությունների դեմ վարչությունն անմիջականորեն զբաղվի այս գործով»:
Ըստ իրավապաշտպանի, այս միջադեպը տարբերվում է 2016 թվականի օգոստոսի դեպքից, երբ անհայտ անձինք կոտրել էին Medialab.am-ի խմբագրի մեքենայի ապակիները և գողացել էին երկրի ղեկավարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերող 107 ծաղրանկարներ:
«Նշված միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով, այս դեպքում կա կոնկրետ անձ, և նրան փնտրելու համար լրացուցիչ ջանքեր պետք չէ գործադրել։ Եվ հիմա որքան էլ քննությունը ձգձգեն, գործը չեն կարողանա «ջրել», վստահեցնում եմ ձեզ», նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: