ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Դատախազությունից պահանջում է որոշում կայացնել՝ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա
11:57, February 5, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոն նստավայր) կքննի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության:
Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ 2017թ. դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում կայացնելուն և այն Կազմակերպությանը տրամադրելուն:
Հիշեցնենք՝ ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Սիմոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հաղորդման մեջ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ չի տեսել, որոնք «կարող են հիմք հանդիսանալ ստուգելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար»: