Վարչական դատարանում կայացավ ֆրանսահայ Ալեքսանդր Վարպետյանի նկատմամբ ԱԱԾ որոշման օրինաչափության հայցի մասին նախապատրաստական երկրորդ նիստը
12:19, February 6, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ կայացավ ֆրանսահայ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը ՀՀ տարածք արգելելու՝ ԱԱԾ-ի որոշման դեմ (ԱԱԾ-ն առաջնորդվելով «Օտարերկրացիների մասին» օրենքով՝ պնդում է, թե կան «hավաստի տվյալներ», որ Ա.Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը) հայցապահանջի երկրորդ նախապատրաստական նիստը: Ալեքսանդր Վարպետյանի ներկայացուցիչ Անի Չատինյանը Aravot.am-ին ներկայացրեց հարցի նախապատմությունը:
«Ֆրանսաբնակ Ալեքսանդր Վարպետյանը 2002 թվականին ցանկացել է գալ Հայաստան, սակայն հենց «Զվարթնոց» օդանավակայանում նրան թողել են չեզոք գոտում, չեն թույլատրել մտնել ՀՀ տարածք եւ մի քանի ժամ հետո հետ են ուղարկել Ֆրանսիա: Նույնը կրկնվել է նաեւ 2008 թվականին: Հետագայում դիմումներով ներկայացված պահանջների պատասխաններով տեղեկացել ենք, որ Ալեքսանդր Վարպետյանը անցանկալի անձ է համարվում, քանի որ հիմնել է «Էություն ազգային միաբանության տաճար» ՀԿ, որն ըստ ԱԱԾ-ի ազգայնական, ֆաշիստական գաղափարախոսության տարրեր է պարունակում եւ կարող է լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար:
Նման հանգամանքներ բնականաբար չկան: Հիմա սա ենք վիճարկում եւ դատարանին խնդրում ենք ԱԱԾ-ին պարտավորեցնել՝ ոչ իրավաչափ ճանաչել այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են Հայաստանի Հանրապետության համար անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ, հանել այն եւ թույլատրել վերջինի մուտքը Հայաստան», -ասաց փաստաբանը:
Դատավոր Լիանա Հակոբյանը հայցվորի եւ ԱԱԾ-ի (ներկայացուցիչ՝ Արթուր Ղուկասյան) կողմերի հետ ճշտեց հայցապահանջին առնչվող մի քանի հարցեր եւ հաջորդ նիստը նշանակեց մարտի 26-ին ժամը 14:00-ին: