Մհեր Արշակյանին ուղղված սպառնալիքների գործով ավելի քան 3 ամիս առաջ քրեական գործ է հարուցվել և կասեցվել, սակայն ՀՔԱՎ-ը որոշումն ստացել է կրկնակի հարցումից հետո միայն
18:10, February 6, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունքԼրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանին սպառնալիքներ հղելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2017 թ. հոկտեմբերի 24-ին քրեական գործ է հարուցվել և 2 ամիս անց կասեցվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Ա. Մնացականյանի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված պատասխանից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ medialab.am լրատվական կայքում հրապարակված՝ Մհեր Արշակյանի հեղինակած «Գորիկ Հակոբյան. Հրեշը» վերնագրով նյութի մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետևյալ բովանդակությամբ սպառնալիք էր հղել նյութի հեղինակին. «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»:
Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դրա հիման վրա կայացված որոշումն այդպես էլ չէր ստացել: Եվ հաղորդում ներկայացնելուց 3 ամիս անց գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ որոշումն ստանալու հարցով:
Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Ա. Մնացականյանը տեղեկացրել է, որ 2017 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Որտեղ էլ «նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննությամբ կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի չի դարձել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2017 թ. դեկտեմբերի 22-ին որոշում է կայացվել [….] քրեական գործի վարույթը կասեցնելու մասին»:
Չնայած, որ հանցագործության մասին հաղորդման մեջ սպառնալիքներ հնչեցրած անձի մասին կոնկրետ տվյալներ էին ներկայացված, իրավապահ մարմիններին այդպես էլ «հայտնի չի դարձել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը», ինչը վկայում է, որ ՀՀ Քննչական կոմիտեն բավարար կամք չի դրսևորել վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելին՝ քրեական գործ է հարուցվել դեռևս 2017 թ. հոկտեմբերի 24-ին և 2 ամիս անց կասեցվել, սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քրեական գործ հարուցելու մասին որոշումն ստացել է ՀՀ Գլխավոր դատախազություն երկրորդ անգամ դիմելուց հետո միայն՝ 2018 թ. հունվարի 26-ին թվագրված պատասխանով: