ՊՆ ներկայացուցիչի՝ զինծառայության սահմանափակումների վերաբերյալ տրամադրած փաստաթուղթը պահանջված ողջ տեղեկատվությունը չի ներառում․ ՀՔԱՎ֊ը կպնդի ներկայացած հայցը
14:51, February 14, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2018 թ․ փետրվարի 5-ին ՀՀ Վարչական դատարանում կայացած նիստի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների շրջանակներում մշակվել են կառավարության որոշումներ, որոնցով զինվորական ծառայության սահմանափակումների բնութագիրը, թույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկը պետք է հրապարակային բնույթ կրեն, և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ․ Սիրադեղյանին տրամադրեց դրանց մշակված տարբերակները։
Տրամադրված փաստաթուղթը այստեղ
Սակայն դրանք ընդգրկում են նոր իրավական ակտերի բովանդակությունը, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ․ հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկը:
Քանի որ ձեռնարկն ամբողջությամբ չի տրամադրվել և հստակ չէ, դրանք հենց ձեռնարկով սահմանված սահմանափակումներն են, թե՝ ոչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պնդում է ներկայացված հայցը։
Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք:
2018 թ․ փետրվարի 5-ի դատական նիստի ընթացքում Դատարանն առաջարկեց պատասխանողի ներկայացուցչին ներկայացնել գաղտնի հրամանի այն հատվածը, որը ապացուցում է հրամանի գաղտնի լինելը։ Միաժամանակ, եթե հնարավոր չլինի այն տրամադրել դատարանին պատճենի տեսքով, հրամանի այդ հատվածը կհետազոտվի դռնփակ դատական նիստում։
Հաջորդ նիստը 2018 թ․ մարտի 19-ին է։