«Սերժ Սարգսյանը մարդկանց տեղավորում է՝ ըստ իրենց ծառայության և նվիրվածության»
15:15, February 17, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՓետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ԱԺ նախագահին ներկայացրեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում: Նշենք, որ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում: Խոսակցություններ կան, որ վերջինս դառնալու է Սահմանադրական դատարանի նախագահ:
Պատասխանելով «Հայաստան 24»-ի այն հարցին, թե որքանո՞վ տեղին կլինի Հրայր Թովմասյանի առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնում, հաշվի առնելով նրա քաղաքական կոնկրետ դիրքորոշումը, արդյոք վերջինս կարո՞ղ է անաչառ լինել, քաղաքագետ Արմեն Բադալյանը նշեց.
«Ժողովրդավարական երկրներում այդպիսի կադրային քաղաքականությունը մի բան է, ոչ ժողովրդավար երկրներում՝ մի բան: Հայաստանը կիսաավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկիր է, որը գնում է դեպի ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրների շարքը, իսկ նրանց համար նման հարցը իմաստազուրկ է, որովհետև եթե ոչ մի մարմին իր պարտականությունները չի կատարում, ապա ինչո՞ւ պետք է կարծել, որ ՍԴ անդամը կամ ապագա նախագահը պետք է օբյեկտիվ և անաչառ լինի: Իսկ ինչ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նախագահը կուսակցական չէ, ամբողջովին օբյեկտիվորե՞ն է իր պարտականությունները կատարում, կամ ոստիկանությունը, որի ղեկավարը կուսակցական չէ, իր պարտականությունները կատարո՞ւմ է:
Նույն կերպ էլ Սահմանադրական դատարանն իր գործառույթները կիրականցնի: Առավել ևս չմոռանանք, որ ՍԴ ներկա ղեկավարը նախկինում նույնպես կուսակցական է եղել, հետագայում իհարկե դուրս է եկել կուսակցությունից, ՍԴ-ում իր պարտականությունները չի կատարում: Նույնն էլ հիմա կլինի: Որևէ խնդիր չկա», – ասաց Արմեն Բադալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում իշխանությունների ձևավորած ոչ մի մարմին անաչառ չի:
«Դատարանները, որոնց ղեկավարները նախկինում կուսակցական չեն եղել, անաչա՞ռ են: Տեսնում եք այսօրվա դատական գործընթացները՝ «Սասնա ծռեր»-ի, Ժիրայր Սեֆիլյանի գործով և այլն: Հրայր Թովմասյանի՝ ՍԴ-ում հայտնվելը քաղաքական որոշում է, որ կառույցը պահվի հսկողության տակ: Հայաստանի բոլոր կառույցները՝ լինի ՍԴ, Վճռաբեկ դատարան, Դատախազություն, Ոստիկանություն, ԿԸՀ, ՏՄՊՊՀ, բոլորն էլ նախագահականի հսկողության տակ են գտնվում», – հավելեց քաղաքագետը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Հայաստան 24»-ի հետ զրույցում ևս մեկնաբանեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու լուրը և թե որքանով վերջինս կարող է անաչառ լինել.
«Անաչառության հարցադրումը անտեղի է կիրառել կոնկրետ Հրայր Թովմասյանի նկատմամբ: Մի կողմից իհարկե պետք է ողջունել ՀՀ քաղաքացիներին. ԱԺ կարևորագույն գլխադասային հանձնաժողովի նախագահի պաշտոնից դուրս է գալիս Հրայր Թովմասյանը, մյուս կողմից պետք է ցավակցել, որ դառնում է ՍԴ անդամ՝ հավակնելով ՍԴ նախագահի պաշտոնին: Սա համարում եմ մեր երկրում սահմանադրական համակարգի ևս մեկ ակնհայտ հետընթաց քայլ: Անձն ակնհայտ քաղաքական կողմնորոշված է. այս դեպքում անաչառության կիրառումը բացառվում է: Ինքը բազմիցս ցույց է տվել այսօրվա քաղաքական իշխանությանը անվերապահորեն և անմնացորդ ծառայելու իր վարքագիծը և այդ առումով ՍԴ-ն նույնիսկ իր այսօրվա վիճակով շատ ավելի վատ վիճակում կհայտնվի: Այսօր առանց այն էլ անմխիթար վիճակում է, ավելի վատ վիճակում կհայտնվի՝ հանձինս նման ՍԴ նախագահ կամ անդամ ունենալու դեպքում: Սա Սերժ Սարգսյանի հերթական քայլն է. մարդկանց տեղավորում է՝ ըստ իրենց ծառայության և նվիրվածության և ոչ թե ելնում է պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծման տրամաբանությունից», – փաստեց Արթուր Սաքունցը՝ իր խոսքում հիշելով, որ տարիներ առաջ որպես Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով դատապարտյալներին, ասել էր. «Նրանք սովոր են իրենց բերանները կարել»:
«Նման մարդուն տանում են ՍԴ անդամ կամ էլ նախագահ: Բացի վերը նշված միտքը, Թովմասյանն առաջինն էր, ով որոշում կայացրեց հանձնաժողովի նիստերը փակ անցկացնելու մասին», – եզրափակեց մեր զրուցակիցը: