Զինվորական ծառայության մեջ մեկ տարի գտնվող, առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին վաղաժամ զորացրեցին միայն դատարան դիմելուց հետո
14:17, February 22, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱռողջական խնդիրներով 2017 թ. հունվարի 31-ին զինված ուժեր զորակոչված Է. Թ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վաղաժամ զորացրվել է:
Է. Թ.-ն նախկինում երկու անգամ տարկետում է ստացել, մեկ անգամ էլ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել, սակայն այդ որոշումների հիմքում նրա ունեցած առողջական խնդիրների միայն մի մասն է եղել: Իսկ նրա մյուս առողջական գանգատները, որոնց հիման վրա զորակոչիկը պետք է ուղարկվեր ստացիոնար հետազոտման և կարող էր զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվել, ԿԲՀ անդամները հաշվի չեն առել:
Ընդ որում՝ տարկետման ողջ ժամանակահատվածում Է. Թ.-ը բուժում չի ստացել իր ունեցած ոչ մի առողջական խնդրի ուղղությամբ, հետևաբար՝ վիճակը չէր կարող բարելավվել, եթե հաշվի առնենք նրա ունեցած առողջական խնդիրների բարդությունը:
Այնուամենայնիվ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը 2017 թ. հունվարի 30-ի իր որոշմամբ կրկին արձանագրել էր Է. Թ.-ի ունեցած առողջական խնդիրների մի մասը և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել:
Իր իրավունքների պաշտպանության նպատակով Է. Թ.-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 2017 թ. փետրվարի 14-ին:
Զինծառայողի՝ մինչ զինվորական ծառայության զորակոչվելը առողջական վիճակի հետազոտության արդյունքները ստանալուց և ուսումնասիրելուց հետո Է. Թ.-ին ՀՀ ՊՆ ԿՌԲՀ նիստին ներկայացնելու ու վաղաժամ զորացրելու պահանջով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը դիմել է ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահին, սակայն ներկայացված դիմումը պատշաճ չի ուսումնասիրվել և համապատասխան ընթացք դիմումին չի տրվել: Այնուհետև Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի անգործությունը բողոքարկվել է վերադասության կարգով և բողոք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին: Սակայն այս դեպքում նույնպես չի կատարվել դիմումով ներկայացված պահանջը:
2017 թ. հոկտեմբերի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը Է. Թ.-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին ներկայացնելու և խաղաղ ժամանակ զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու ու վաղաժամ զորացրելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջով դիմել է դատարան:
Դատարան դիմելուց հետո Է. Թ.-ն անմիջապես տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ գրեթե երկու ամիս տևած հետազոտություններից հետո ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը 2018 թ. փետրվարի 12-ին որոշում է կայացրել Է. Թ.-ին խաղաղ ժամանակ զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամ զորացրելու վերաբերյալ: