Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով հայցի քննությունը կսկսվի 2018 թ. մայիսի 18-ին
18:13, February 27, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը:
Առաջին նախնական դատական նիստը 2018 թ. մայիսի 18-ին է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարան էր դիմել 2018 թ. հունվարի 24-ին, երբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հուշարձան համարվող պուրակում առանց Մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համաձայնեցնելու իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցնելու հիմքեր չէր տեսել: Շինաշխատանքները դադարեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Վանաձորի քաղաքապետին դիմել է երկու անգամ՝ 2017թ. նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 9-ին, երկու դեպքում էլ մերժում է ստացել:
Չնայած նրան, որ ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել էին, որ «Արցախ» պուրակը համարվում է հուշարձան և ներառված է գլխավոր հատակագծի «Պետության և մշակույթի հուշարձաններ» գծագրում՝ Վանաձոր քաղաքի ավագանու՝ 2014 թ. հաստատած գլխավոր հատակագծի լրամշակված նախագծում «Արցախ» պուրակը հատուկ պահպանվող հողամաս չի համարվում: Այն բացօթյա սրճարանի և հանգստի գոտու վերակառուցման ու սպասարկման նպատակով «Գ և Մ» ՍՊԸ-ին է հանձնվել դեռևս 2006 թ.-ից, իսկ 2017 թ. հոկտեմբերի 12-ին Վանաձորի քաղաքապետարանը «Գ և Մ» ՍՊԸ-ին շինարարության թույլտվություն է տվել: Դրանից հետո էլ սկսվել են կառուցապատման աշխատանքները:
Նշենք, որ ՀՀ Հողային օրենսգրքի դրույթների համաձայն՝ արգելվում է ինչպես պատմական և մշակութային հողամասերը սեփականության իրավունքով փոխանցել այլ անձանց, այնպես էլ դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն: Իսկ կառուցապատման աշխատանքներ իրականացնելիս նախագծերը պետք է համաձայնեցվեն լիազոր մարմինների հետ:
Մինչդեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին ի պատասխան՝ ՀՀ Մշակույթի նախարարությունից և Լոռու մարզպետարանից հայտնել են, որ հողհատկացման առաջարկն ու կառուցվելիք շենքերի էսքիզային նախագծերն իրենց հետ չեն համաձայնեցվել:
Փաստորեն սահմանված նորմերը չեն պահպանվել, հետևաբար՝ «Արցախ» պուրակում շինարարությունն իրականցվում է օրենքի կոպիտ խախտմամբ:
ՀՀ Վարչական դատարանը հայցի քննությունը կսկսի 2018 թ. մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին:
Ի դեպ, շինարարական աշխատանքներն այսօր էլ ընթանում են և հավանաբար, մինչև մայիսի 18-ը աշխատանքներն արդեն ավարտված կլինեն: