Այդ նվաստացուցիչ նյութի պատասխանատվությունը կրում են Հանրայինն ու Արդարադատության նախարարությունը
March 13, 2018Անազատության մեջ գտնվող կանայք ներկայացվեցին որպես ծաղրանքի օբյեկտ. Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Լավ երեկո» հաղորդաշարի շրջանակում կանանց գաղութում նկարահանված աղմկահարույց ռեպորտաժին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Դա անթույլատրելի է ցանկացած հեռուստաընկերության կողմից, սակայն Հանրային հեռուստաընկերության կողմից, որը գործում է մեր՝ հարկատուներիս հաշվին, դա առավել անթույլատրելի է»,- նշեց իրավապաշտպանը՝ հարց հնչեցնելով՝ հաղորդման հեղինակները փորձե՞լ են հասկանալ այդ կանանց հարազատների հոգեվիճակը, հարցրե՞լ են՝ ինչ խնդիրներ ունեն և այլն:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ այդ նվաստացուցիչ ռեպորտաժը հարված էր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որի պատասխանատվությունը կրում է ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլ նաև Արդարադատության նախարարությունը:
Նշենք,որ կալանավայրեր այցելելու բազմաթիվ խնդրանքներ են լինում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, սակայն դրանք մերժվում են՝ առանց լուրջ հիմնավորումների: Իրավապաշտպանի խոսքով, Հ1-ին նկարահանման հնարավորություն տալով, ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորվել, ինչին պետք է հետևի տվյալ քրեակատարողական հիմնարկ այցելելու լրագրողների պահանջն Արդարադատության նախարարությանը: Մանրամասները՝ տեսանյութում: