Գայանե Առուստամյանի գործով վերաքննիչ դատարանը վճիռ կկայացնի ապրիլի 18-ին
13:34, March 30, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գայանե Առուստամյան2018 թ․ մարտի 29-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում քննվեց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:
Նա պահանջում է բեկանել ՀՀ Վարչական դատարանի 2017 թ․ մարտի 14-ի վճիռը, որով դատարանը բավարարել էր ՀՀ Ոստիկանության հայցը և Գ․ Առուստամյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ 30.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Գայանե Առուստամյանի ու նրա ներկայացուցչի հակընդդեմ հայցը մերժել էր:
Դատարանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները՝ Գ․ Առուստամյանին ոչ իրավաչափորեն վարչական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հակընդդեմ հայցադիմումն անհիմն մերժելու վերաբերյալ: Ըստ պատասխանող կողմի՝ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի դրույթները և թույլ տվել գործի ելքի վրա ազդող նյութական ու դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ և հիմնավոր համարեց ստորադաս դատարանի վճիռը։
Դատարանը կողմերին որոշ հարցեր ուղղելուց հետո գործի քննությունը համարեց ավարտված և վճռի հրապարակման օր նշանակեց 2018 թ․ ապրիլի 18-ը։