Երևանում ընթացող ցույցերի մասին. ապրիլի 17. թարմացվում է
13:51, April 17, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրևանի ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ
Ցուցարարները մեկ տասնյակից ավելի պետական շենքերի են մոտեցել և փակել դրանց մուտքերը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր կառույցների դռները կողպված են, սակայն ոչ անվտանգության, ոչ էլ ոստիկանության ներկայացուցիչներ այնտեղ չկան:
Ցուցարարները փորձեցին փակել ևս մի քանի փողոց, ինչպես նաև Երևան քաղաք մուտք գործող Հաղթանակի կամուրջը, սակայն ոստիկանները խոչընդոտեցին:
Քաղաքի տարբեր մասերից բերման ենթարկվեցին փողոցներն արգելափակած ցուցարարները:
Տասնյակ խաղաղ ցուցարարներ շարունակում են մնալ ոստիկանության բաժիններում, որոնք բերման են ենթարկվել դեռևս առավոտյան: Նրանք բերման են ենթարկվել առանց օրինական հիմքերի և ոստիկանության բաժիններում պահվում են անհիմն պատճառաբանություններով և օրենքի խախտմամբ:
Ոստիկանները խոչընդոտեցին ցուցարարների խաղաղ երթը նաև Վանաձորում: Նրանք ուժով դուրս հանեցին ցուցարարներին փողոցից՝ հորդորելով քայլել մայթերով: Ուժ գործադրվեց նաև, երբ ցուցարարները փորձեցին փակել Վանաձորի գլխավոր Տիգրան Մեծ պողոտան:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 18:30-ին Երևանի ամենամեծ՝ Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք:
Այս պահին ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ վարչապետի ընտրության նպատակով հրավիրված հատուկ նիստը:
Ժամը 12:30-ի դրությամբ
ՀՀ վարչապետ ընտրելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը սկսված է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:
Իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հանդես են եկել հայտարարությամբ, որ Երևանում նկատվել է հաղթանդամ տղամարդկանց կուտակում: Դրանք, արժանահավատ տեղեկությունների համաձայն, հանցավոր խմբեր են, որոնք ըստ ամենայնի, ուղղվելու են խաղաղ ցուցարարների դեմ:
Իրավապաշտպանները հայտարարել են, որ ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է արդյունավետ և իրական պայքար տանել կազմակերպված հանցավորության դեմ և նախականխել խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության յուրաքանչյուր փորձ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են շրջափակել պետական կառույցները՝ նստացույցերի միջոցով:
Ժամը 11:30-ի դրությամբ
ՀՀ Ոստիկանությունը Երևանի ժամանակով 10:20-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն անտեսել է Ոստիկանության կոչերը՝ հավաքը դադարեցնելու մասին և կրկին կոչ է արել շարունակել հավաքը և որ այս իրավիճակում Ոստիկանությունը լիազորված է հատուկ միջոցների կիրառմամբ հավաքը ցրել:
ՀՀ Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ բերման են ենթարկվել 29 քաղաքացիներ:
Հավաքի մասնակիցները հայտարարեցին նաև քաղաքացիական հագուստով անձի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մասին:
Այս պահին ցուցարարները հանրահավաք են անցկացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 12:00-ին հատուկ հայտարարությամբ են հանդես գալու:
Ժամը 10:00-ի դրությամբ
Այսօր՝ 2018 թ. ապրիլի 17-ի վաղ առավոտյան, Երևանի տարբեր մասերից բերման են ենթարկել ավելի քան 20 ցուցարարների:
Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ է արել բոլոր հնարավոր միջոցներով փակել ՀՀ Ազգային ժողովի շենք տանող ճանապարհները:
ՀՀ Ոստիկանությունն էլ իր հերթին ոստիկանական տեխնիկա, փշալարեր և ոստիկանական ուժեր է տեղակայել Ազգային ժողով տանող ճանապարհներին և վերահսկում է դրանք:
Ցուցարարները իրազեկման երթ անցկացրին՝ կոչ անելով միանալ իրենց:
Ոստիկանները փորձեցին ցուցարարներին հեռացնել նաև քաղաքի մյուս փողոցներից, ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուք սկսվեց:
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը՝ ՀՀ վարչապետ ընտրելու նպատակով, նախատեսված է այսօր՝ 2018 թ. ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին: