Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին․ ապրիլի 21
12:02, April 21, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԵրևանի ժամանակով 18:00֊ի դրությամբ
Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում շարունակվում են բողոքի գործողությունները:
Քաղաքացիական հագուստով անձինք փորձում են խոչընդոտել այլ բնակավայրերից Երևան շարժվող ցուցարարների երթերը: Իշխող կուսակցության ներկայացուցիչները ցուցարարների գործողություններին խոչընդոտելու փորձեր են արել նաև Երևանի տարբեր մասերում:
Ժամը 17:00-ի դրությամբ բերման ենթարկված 102 անձ կա:
Երևանի Հանրապետության հրապարկում հանրահավաքը նախատեսված է 19:00-ին:
Երևանի ժամանակով 15:30֊ի դրությամբ
Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում շարունակվում են բողոքի գործողությունները:
Քաղաքացիական հագուստով անձինք Արտաշատ քաղաքում հարձակվել և ծեծել են Ազատություն ռադիոկայանի լրագրողին:
Բողոքի երթ է ընթանում նաև Վանաձորում:
Երևանում բերման է ենթարկվել նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Արմեն Գրիգորյանը:
Ժամը 15:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 70-ի:
Երևանի ժամանակով 14:00֊ի դրությամբ
Ցուցարարները շարունակում են երթը Երևանի փողոցներում:
Ավտոմեքենաների միջոցով արգելափակված են մի շարք փողոցներ:
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել արդեն 43 անձ:
ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է հավաքները դադարեցնելու որոշում կայացնելու մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ «սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը»:
Երևանի ժամանակով 12:00֊ի դրությամբ
Այսօր՝ ապրիլի 21֊ին, ի տարբերություն նախորդող օրերի, Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները բողոքի գործողություններն սկսեցին առավոտյան ժամը 11֊ին։
Ոստիկանությունն արդեն իսկ մեծ ուժեր էր կուտակել նախանշված վայրում և խոչընդոտում է նրանց երթը։
Մի շարք ցուցարարներ բերման են ենթարկվել։
Բերման ենթարկվածների հստակ թիվ հայտնի չէ։
Ոստիկանությունը պնդում է, թե հավաքի մասին իրազեկում չի եղել։ Երթն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախապես պլանավորված հավաքը դադարեցվում է և անմիջապես հայտարարեց շտապ հավաքի անցկացման մասին՝ ակտիվիստների նկատմամբ գիշերը տեղի ունեցած հարձակումներին արձագանքելու նպատակով։ Դրա մասին հեռախոսազանգի միջոցով իրազեկեց ոստիկանության տեղամասային բաժնին։
Երևանի մեկ այլ հատվածում քաղաքացիները ավտոերթ էին իրականացնում։ Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել նաև նրանց երթը։
ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է, «որ այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը» և որ հավաքը «անհապաղ կանխվելու կամ խափանվելու է՝ համաչափ ցանկացած եղանակով, այդ թվում՝ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրմամբ»:
ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երեկ բերման ենթարկված 233 ցուցարարները ժամը ապրիլի 20֊ի ժամը 21:00֊ի դրությամբ ազատ են արձակվել։