Սա խայտառակ որոշում է. Փաշինյանը պետք է փոխի իր որոշումը
13:09, May 11, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՔիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ ոստիկանապետ նշանակեց Վալերի Օսիպյանին: Այս նշանակումը միանշանակ չընդունվեց քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների և ակտիվիստների կողմից: Վալերի Օսիպյանի նշանակման վերաբերյալ Politik.am-ը զրուցեց իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Իրավապաշտպանն այս որոշումը որակեց խայտառակ և հնարավոր նշանակումներից ամենավատը։ «Իրավապահ մարմիններում այս նշանակումը գնահատում եմ որպես խայտառակ նշանակում, որը չի կարող ունենալ որևէ բացատրություն: Շատ կուզենայի լսել Նիկոլ Փաշինյանի հիմանվորումները, բայց ոչ թե որևէ հիմնավորում կընդունեմ, այլ կուզեի լսել, թե ոնց է որևէ հիմանվորում գտնելու, քանի որ Օսիպյանը 2008 թվականից աչքի է ընկել ցուցարարների նկատմամբ ապօրինի գործողությունների հրահանգումով, ցուցարարներին ապօրինի բերման ենթարկելու գործողությունների ղեկավարմամբ: Եվ պետք է ազնվորեն ասեմ, որ ամեն հնարավոր տարբերակներից ընտրվել է վատագույնը: Մյուս կողմից՝ կարող է հարց առաջանալ, թե բա ով պետք է լիներ: Բոլոր դեպքերում պետք է պահպանվեր հանրության հետ քննարկման մեխանիզմը, որի մասին բազմաթիվ անգամ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, և առնվազն մի քանի թեկնածու պետք է դրվեր հանրության քննարկման համար, որպեսզի հանրային տրամադրությունների հիման վրա որոշում կայացվեր: Մյուս կողմից՝ կարևոր է հասկանալ, թե ում հետ է Փաշինյանը քաղաքական խորհրդատվություն իրականացրել նման որոշում կայացնելիս: Հետաքրքիր է, թե ով է այդ խորհրդատուն, որը կարող է խորհուրդ տալ նման որոշում կայացնել»,-ասաց իրավապաշտպանը մեզ հետ զրույցում:
Արթուր Սաքունցը Politik.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի հանրային կարծիքին և հետ կկանգնի կայացրած որոշումից. «Հիմա այս խնդիրների մասին բարձրաձայնելն ունի մեկ նպատակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը փոխի իր այս որոշումը: Եթե նախկին իշխանությունների կայացրած որոշումների մասին մենք խոսում էինք և հույս չունեինք, որ դրանք կփոխվեն հանրային քննադատության արդյունքում, ապա Փաշինյանի դեպքում մենք հույս ունենք, որ նա, տեսնելով հանրային տրամադրությունները, կփոխի իր որոշումը: Սա շատ կարևոր պահ է վարչապետ Փաշինյանի համար, որից մենք հասկանալու ենք, թե նա որքանով է արձագանքում հանրային կարծիքին»,-ասաց Սաքունցը: